Արցախի մարդու իրավունքների պաշտպանը թվարկելով բնակավայրերը, որոնք նպատակային հրետակոծվել են Ադրբեջանի կողմից, նշել է, որ դրանք շատ-շատ հեռավորության վրա են ռազմական օբյեկտներից եւ Ադրբեջանը չի կարող ասել, թե իրենք ռազմական օբյեկտներն են թիրախավորել:
«Այս գործողությունները միանշանակ մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ են եւ այս խախտումները պետք է պատշաճ գնահատական ստանան միջազգային հանրության, խոշոր պետությունների եւ գերտերությունների, նաեւ միջազգային կազմակերպությունների, միջկառավարական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Եվ իմ կոչն է միջազգային հանրությանը՝ առանց աչք փակելու, հստակ կերպով արձանագրեն այս խախտումները եւ իրենց բոլոր լծակներով ազդեն հակառակորդ Ադրբեջանի՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա;
Իհարկե, ԱՀ պաշտպանության բանակը եւ հայկական զինված ուժերը իրենցից կախված ամեն ինչ անում են եւ, համոզված եմ, դիրքերում ամուր կանգնած են, բայց այս ռազմական գործողությունները երկու կողմերի համար հումանիտար մեծ աղետի պատճառ կարող են դառնալ: Եվ այդ աղետն այսօր սկսվել է: Ակնհայտ է, ու բոլոր ապացույցները կան, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է եղել:
Իմ հաջորդ կոչն ուղղված է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Բավական է, որ քաղաքականացված հիմքերով չեք ցանկանում անդրադառնալ Արցախի Հանրապետությանը եւ այնտեղ ապրող մարդկանց իրավունքներին, չեք ցանկանում այցելել Արցախի Հանրապետություն: Եվ նաեւ այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն ազատ է զգում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականացնելու ճանապարհին: Դրա համար բոլոր իրոք իրավապաշտպան կազմակերպությունները պետք է օր առաջ այցելեն Արցախ, իրենց փաստահավաք առաքելությունը իրացնեն ու միջազգային հանրությանը ներկայացնեն, թե ինչ է իրականում կատարվում: Սա քաղաքական հարց չէ, սա ամբողջությամբ մարդու իրավունքների հարց է, ու ամբողջ միջազգային հանրությունը պատասխանատու է այս խախտումների համար»,-հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ