Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին Միացյալ նահանգները Հայաստանում եւ Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին կոչ արեց չայցելել Լեռնային Ղարաբաղ եւ Թովուզի եւ Ղազախի շրջաններ՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության եւ վերջին բախումների պատճառով: Aravot.am-ը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպես կմեկնաբանի ԱՄՆ-ի այդ նախազգուշացումը:
«Սովորաբար նման հայտարարությունները լինում են այն ժամանակ, երբ սահմանում լարված իրավիճակ է լինում, լինում են լուրջ փոխհրաձգություններ ու մարդկային կորուստներ: Միացյալ նահանգների դեսպանատունը տվյալ երկրում, այս դեպքում՝ Հայաստանում կամ Ադրբեջանում, կոչ է անում քաղաքացիներին զգույշ լինել այդ տարածքներ այցելելուց: Եվ եթե նկատել եք, երկու երկրներում էլ ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր երկրի քաղաքացիներին չլինել Լեռնային Ղարաբաղի տարածքում, իսկ Ադրբեջանում գտնվելու ժամանակ չլինել այդ հատվածում եւ սահմանափակել տեղաշարժը: Սա, բնականաբար, խոսում է նրա մասին, որ Միացյալ նահանգները, հավանաբար, զորքերի տեղաշարժից կամ այլ տեղեկություններից եկել են այն եզրակացության, որ նման վտանգը կա, նման սպառնալիքը բարձր է եւ այդ պատճառով էլ կոչ են արել իրենց քաղաքացիներին չճանապարհորդել այդ տարածքներում»:
Սուրեն Սարգսյանի խոսքով, չնայած տավուշյան դեպքերն ավելի վաղ էին եղել, բայց այդ հայտարարությունը եղավ այդ ժամանակվա հրաձգությունից մի քանի օր հետո՝ ըստ էության պատերազմական այս գործողություններից մեկ-երկու օր առաջ. «Այնպես որ, ես կարծում եմ, որ Միացյալ նահանգները հետեւություն արել էին ադրբեջանական զորքի, թուրքական զորքի տեղաշարժից կամ հատուկ ծառայությունների միջոցով տեղեկություններ ունեին հնարավոր գործողությունների մասին եւ քաղաքացիներին կոչ արեցին չայցելել»:
Մեր հարցին՝ մինչ այս պահը ԱՄՆ-ն կարծես, որեւէ հայտարարություն չի արել, ի պատասխան Սուրեն Սարգսյանն ասաց. «Չեմ բացառում, որ հայտարարություն չլինի, որովհետեւ Միացյալ նահանգները որոշել է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Ֆրանսիան էլ, կարծես թե, առանձին հայտարարությամբ հանդես չի եկել: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն արել են եւ Միացյալ նահանգները, որպես համանախագահ, այդ տեքստի տակ ստորագրել է: Բայց չեմ բացառում, որ մոտ օրերս, հարմար առիթի դեպքում, Սպիտակ տան կամ Պետքարտուղարության խոսնակը կարող է հայտարարություն անել կամ պատասխանել լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ այս խնդրին»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ