Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր անվարան աջակցությունն ենք հայտնում Արցախի և Հայաստանի իշխանություններին․ կոչ անում ճանաչել Արցախի Հանրապետությունը․ «Ժառանգություն»

Սեպտեմբեր 27,2020 21:14

2020 թ. սեպտեմբերի 27-ը հայոց պատմության մեջ կդառնա վճտորոշ սահմանագիծ: Թուրքիայի անթաքույց աջակցությամբ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի իր իսկ ստորագրած սկզբունքները, Արցախի դեմ սահմանագծի ողջ երկայնքով սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ կիրառելով մարտական զենքի բոլոր տեսակները, մարտական գործողությունները հասան մինչև Հայաստանի սահմաններ: Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը հերթական անգամ վտանգի է ենթարկված, ունենք զոհեր, վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, հրետակոծված հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ և ենթակառուցվածքներ: Արցախում և Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն:

«Ժառանգություն» կուսակցությունն իր անվարան աջակցությունն է հայտնում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությանը՝ գերագույն գլխավոր հրամանատարությանը՝ կասեցնելու թշնամու ռազմական ագրեսիան և միջազգային հանրությանը տեղեկացնելու թուրք-ադրբեջանական հարձակման մասին:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը պետք է արդար և վճռական դիրքորոշում որդեգրի՝ կանխելու ադրբեջանական ագրեսիան, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվության իրենց բաժինն են ունենալու հայ ժողովրդի դեմ գործած ռազմական այս ոճրագործության մեջ, որը կարող է վերաճել ցեղասպանության: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմը կարող է վերաճել մեծ աղետի: Միջազգային կառույցները հանձնառություն ունեն միասնական ջանքերով զսպելու Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը՝ հանուն համաշխարհային կայունության և խաղաղության: «Ժառանգությունն» արդեն դիմել է գործընկեր միջազգային կազմակերպություններին, սպասում ենք արձագանքի:

Հայ ժողովուրդն իր հազարամյակներ ձգվող պատմության ընթացքում շատ հարձակումներ ու պատերազմներ է տեսել, մենք ընկրկել ենք, բայց չենք պարտվել: Ազգերի իրավունքը ազատ և խաղաղ ապրելու այլընտրանք չունի, հաղթելու ենք: Հայաստանի Հանրապետությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը և ռազմաքաղաքական պայմանագիր կնքել Արցախի հետ, այս հարցը «Ժառանգություն» բարձրացրել է դեռևս տասնամյակ առաջ, այսօր առավել քան պահն է մեր միասնության բոլոր մակարդակներում:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930