Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հանցավոր ոտնձգությունները կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա․ Դատախազություն

Սեպտեմբեր 27,2020 20:19

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ:

Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները:

Այդ գործողությունների արդյունքում պատճառվել են մարդկային կորուստներ և վիրավորներ ինչպես ԱՀ քաղաքացիական անձանց, երեխաների, այնպես էլ զինվորական ծառայողների շրջանում, նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին:

ՀՀ դատախազությունը ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցություն և գործակցություն է ծավալել Արցախի Հանրապետության իրավասու մարմինների, մասնավորապես ԱՀ դատախազության հետ՝ ծավալելով քրեադատավարական գործընթացներ հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գանահատականների արժանացնելու նպատակով:

Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ:

ՀՀ և ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար, տեղեկատվության օպերատիվ փոխանակմամբ, իրավիճակի զարգացմանը զուգահեռ պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները:

Քրեադաիրավական ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ դատախազության, նախաքննական մարմինների կողմից պարբերաբար կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930