Լրահոս
Օրվա լրահոսը

«Победа за нами, ребята! …Սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու, մեր ու մանուկ ամբողջ ազգով կանգնելու ենք եւ հաղթելու ենք». Սասուն Միքայելյանի ելույթը՝ ԱԺ-ում

Սեպտեմբեր 27,2020 19:59

ԱԺ հատուկ նիստում պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ելույթ ունեցավ: Նա ասաց, որ թշնամին նույն ձեռագրով է գործում՝ հարձակվում խաղաղ բնակիչների վրա՝ փորձելով տեղահանել. «Ուզում են Արցախն ազատել արցախցիներից, չի՛ լինի դա: Նախորդ պատերազմը նույնպես պարտադրված էր, այսօր էլ: Նախորդ պարտադրված պատերազմը եղել է անհավասար թե՛ մարդկային թվաքանակով, թե՛ զինտեխնիկայով: Ուզում եմ դիմել Ադրբեջանի ազգաբնակչությանը, Ադրբեջանի ղեկավարությանը, որ երբեք պարտության հանկարծ չսպասեք, որ Հայաստանի Հանրապետությունը կպարտվի, սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու, մեր ու մանուկ ամբողջ ազգով կանգնելու ենք եւ հաղթելու ենք»:

Սասուն Միքայելյանը հորդորեց համախմբվել. «Սա լուրջ պատերազմ է, պետք է կարողանանք դիմակայել եւ հաղթել»: Նա կոչ արեց մարտական ընկերներին, բոլոր այն մարդկանց, ովքեր տարբեր հայացքներ ունեն, համախմբվել՝ մեր ազգի գոյատեւման, մեր հաղթանակի շուրջ. «Ադրբեջանցին լավ գիտի, որ հայը համախմբված ժամանակ պատմականորեն երբեք չի պարտվել: Մի տեսակ բնական է՝ հարձակվող կողմը միշտ ուժեղ է եղել ու այսօր, որ մենք դիրքային կորուստներ ենք ունեցել, թող ոչ մեկի չընկճի ու երբեք մենք պանիկայի մեջ չպիտի ընկնենք: Ես գնահատում եմ, որ այսօր մենք ամուր ենք կանգնած մեր սահմանում: Այդ լայնածավալ հարձակման ընթացքում դիրքային զիջումներ կլինեն, որովհետեւ իրենք են հարձակվել: Եթե իրենք պատրաստված չլինեին, չէին հարձակվի: Մենք Մարտակերտն էլ ենք տվել, մի տարի հետո հետ ենք վերցրել: Հիշենք Սպարապետի կոչը՝ մահապարտներին: Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց համախմբված, մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության: Մենք գիտակցում ենք, որ գնում ենք զոհաբերության, հանուն Արցախ աշխարհի, մեր ժողովրդի ապագայի»:

Սասուն Միքայելյանն իր թոռնիկների անունները տվեց. «Եթե առաջ մեր տարեկից ընկերները գնացել են՝ հանուն իրենց ժառանգների, երեխաների, ազատ հայրենիք ունենալու համար, այսօր ես պատրաստ եմ իմ Արաբոյի համար, իմ Կոմիտասի համար, իմ Սեւադայի համար, ինչպես շատ շատերը՝ իրենց թոռնիկների համար: Ուզում եմ բոլորս հասկանանք՝ այս պատերազմը ադրբեջանցիք սկսել են ու հիմք են դնելու մեր վերջնական հաղթանակի: Բոլոր հարցերի լուծումները կտա այս պատերազմը»:

Սասուն Միքայելյանը հիշեց Մարտակերտի նահանջը. «Երբ կորցնում ես ամեն ինչ, չես կարող քաղաքականություն վարես, երբ կորցնում ես տարածք, չես կարող այդ տարածքում նոր կյանք սկսել: Ինչպես վարչապետը նշեց, մենք հող չունենք տալու: Ադրբեջանի ձեռքով Թուրքիան իր խնդիրն է լուծում, եթե մենք չկանգնենք այս պատերազմի դեմ, գնալու ենք նորից ցեղասպանվելու»:

Քանի որ միջազգային հանրության համար «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անգլերեն ելույթ էր ունեցել, Սասուն Միքայելյանն էլ ռուսերեն եզրափակեց իր ելույթը. «Победа за нами, ребята»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930