Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հոգնել ենք դավթարները գրկած, միջանցքում եվրոպացի պատգամավոր գրկենք, ասենք՝ մի հատ արի էս մորթված նկարը նայի, խղճա մեզ, բավական է». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 27,2020 19:35

«Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձեւակերպումները եւ կողմերի միջեւ հավասարության նշան դնելու այս գործելաոճը»,- ԱԺ հատուկ նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ առավոտից սկսած՝ միջազգային հանրությանը ներկայացրել են իրավիճակը, նամակներ են գրել, բայց իրենց այսպիսի մոտեցումը հանցակից է դարձնում իրենց. «Ադրբեջանը խախտել է, թքել է բոլոր միջազգային պայմանագրերի վրա, կոնվենցիաների վրա՝ չհարձակվելու քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական հանրության վրա»:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց հենց այս պահին սկսել Արցախի ճանաչման գործընթացը. «Մենք հոգնել ենք դավթարները գրկած, որտեղ, միջանցքում եվրոպացի պատգամավոր գրկենք, ասենք՝ մի հատ արի էս մորթված նկարը նայի, խղճա մեզ, բավական է, չի՛ կարելի: Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որի հետ խոսել խաղաղության լեզվով հնարավոր չէ, հիմա չեն հասկանում այդ լեզուն»:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց բոլոր ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել, որովհետեւ այսօր մի թշնամի ունենք՝ միացյալ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ կողմ էր, որ Արցախի ճանաչման գործընթաց սկսենք, ռիսկերը գնահատենք ու շարժվենք առաջ. «Մենք հիմա ջրբաժանի եզրին ենք կանգնած: Հայաստանի նորանկախ պատմության մեջ 2-3 դեպք է եղել, եթե հիմա հապաղեցինք, ցուցաբերեցինք զգուշություն, մենք կարող է հետագայում շատ կորուստներ ունենանք: Պատմական մեծ առաքելություն ունենք, զոհվելու ենք՝ սխրանքներ գործելով»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր ելույթում դիմեց կանանց ու մայրերին՝ լինելու մեր զինվորների կողքին, նա նաեւ միջազգային հանրությանը դիմեց անգլերեն լեզվով ու ներկայացրեց իրավիճակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930