Ռազմական դրություն է հայտարարվել ու ԱԺ-ն հատուկ նիստ է անում:
Պատգամավորները ելույթներ ունեցան:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում հորդորեց սարսափ պարգեւել թշնամուն:
Նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ, հիմա ժամանակն է զոհելու, հիմա մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին: Մենք պիտի ապրենք ու լուծենք այս հարցը, չթողնենք մեր երեխաներին: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը վերջնականապես»:
Կարդացեք նաև
Ըստ Մարուքյանի, ինչ ունեինք կորցնելու՝ կորցրել ենք, տարիներ շարունակ փխրուն խաղաղություն ենք պահել, «հիմա ապրում ենք ուրիշ աշխարհում՝ ուժեղների աշխարհում ու աշխարհում սպասում են, նայում են, տեսնեն՝ որ կողմը ուժեղ կլինի, կգնան կկանգնեն նրա կողքին: 3 օր կսպասեն, 5 օր կսպասեն…»:
Դիմելով գերագույն գլխավոր հրամանատարին՝ վարչապետին՝ Մարուքյանը հորդորեց հստակ հրամաններ տալ. «Այսօր ժամը 4-ից սկսած՝ դուք ստանձնել եք գլխավոր գերագույն հրամանատարի առաքելությունը, տվեք ամբողջական հրամաններ գնալ առաջ, շարժվել առաջ, որովհետեւ եթե չգնանք առաջ, մենք եթե այս պատմությունը թողեցինք կիսատ, շարունակելու ենք արնաքամ լինել, ավելի լավ է մի անգամ արնաքամ լինենք, բայց այս հարցը վերջնականապես լուծենք»:
Մարուքյանն ասաց, որ առավոտյան 8-ից ամբողջ աշխարհին նամակներ են գրում, ինչպես դա արել են հուլիսին, ապրիլյան պատերազմի ժամանակ. «Գլուխները կտրած զինվորների նկարներն ենք տվել, այն ժամանակ, հիմա: Բայց աշխարհը փոխվել է, այն հին մարդու իրավունքների աշխարհը չի, որեւէ մեկը մեզ չի կարող դատապարտել, մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք ու այսօր նույն ցեղասպանություն իրականացնողները 100 տարի անց էլի ուզում են ցեղասպանություն անեն, պետք է մեզ պաշտպանենք…Ինչ ունենք, պետք է տեղափոխենք առաջնագիծ, արնաքամ լինելու իրավունք չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ