Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ֆիլմ չէ, որտեղ անպայման հեփի էնդ է լինում, այդ happy end-ը մենք պետք է ապահովենք՝ քայլելով սրի միջով, հրի միջով, անհնարինության միջով». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 27,2020 19:16

«Սփյուռքից եւ հիմնականում Ռուսաստանից արդեն հայերը հավաքվել են, որ գան Հայաստան, մասնակցեն մարտերին»,- Այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որ մեր քաղաքացիներին տեղափոխենք Հայաստան: Վարչապետը պատասխանեց, որ կորոնավիրուսի հետ կապված նաեւ կոմունիկացիոն խնդիրներ կան, բայց մենք մեր ողջ ներուժը պետք է օգտագործենք, այդ թվում՝ սփյուռքի:

Փաշինյանը նաեւ կարեւորեց, որ խորհրդարանական ուժերը, սփյուռքի անհատները, բոլորը պետք է միջազգային հանրությանը տեղ հասցնենք այն ինֆորմացիան, թե որ կողմն է նախահարձակ եղել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը առաջարկեց փակ նիստ անել, վարչապետը պատասխանեց, որ կարեւոր է, որ առնվազն այսօրվա նիստը դռնբաց լինի, հետագայում ըստ անհրաժեշտության պատրաստ են նաեւ փակ ռեժիմով քննարկում կազմակերպել:

Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել ու անելիքներ կան տնտեսական մասով, հոգեբանական մասով. «Միջազգային հանրությունը սկսել է արձագանքել: Այդ արձագանքներն ինչպիսին են՝ հիմնականում չեզոք են, բացի Թուրքիայի արձագանքից, որն ակնհայտորեն լարում է իրավիճակը եւ իրավիճակի մեջ ներգրավվելու հայտեր է ներկայացանում, եթե չասենք, որ արդեն ներգրավված է ու մենք պետք է այս տեղեկատվությունը կիսենք ու միջազգային հանրությանը ճիշտ ներկայացենք»:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ «Պետք է թշնամին հասկանա, որ ջախջախիչ հարված է ստանալու, անկախ նրանից, որ սատարում է իրեն Թուրքիայի պես պետություն: Զիջումներ չպետք է լինեն»:

Փաշինյանն էլ ասաց, որ մենք ամուր կամք ունենք. «Լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում: Մենք պետք է հասկանանք, որ սա ֆիլմ չէ, որտեղ անպայման հեփի էնդ է լինում, այդ happy end-ը մենք պետք է ապահովենք՝ քայլելով սրի միջով, նաեւ հրի միջով, անհնարինության միջով, քայլելով հուսահատության միջով, որովհետեւ դա է հաղթանակի ճանապարհը, մյուս ճանապարհները՝ հետաձգել, էլի հետաձգել, խուսանավել, հետո շարունակել, էլի խուսանավել…Պետք է մի անգամ կանգնենք եւ պաշտպանենք ինքներս մեզ, մեր իրավունքները, ընդ որում, չլինելով մոլագար, դեստրուկտիվ, ոչ ադեկվատ, չկորցնելով միջազգային հանրության անդամի պարտականությունների եւ իրավունքների մասին մեր պատասխանատվությունը: Մենք պետք է արձանագրենք սա ճիշտ: Արձանագրենք եւս մի բան՝ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Եվ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում եւ մտքում չի ծնվում: Եկեք պայմանավորվենք մի բան, ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում ու չենք դադարի քայլել, ընթանալ՝ ինչ էլ լինի: Չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի, հանուն Մոնթեի, Վազգեն Սարգսյանի հաղթանակի հանուն Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի հաղթանակի: Այսօր մենք ունենք կենդանի հերոսներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930