Տխուր օրերն առջևում են։ Այսպիսի գրառմամբ է Թվիթերում անդրադարձել Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիային Carnegie Europe հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ հիշեցնելով դեռևս հուլիսին տեղի ունեցած մարտերի ժամանակ հրապարակած իր հոդվածը։
«Այն, ինչ ես գրել էի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ցավոք, շատ ակտուալ է այսօր։ Թեպետ մասշտաբով և աշխարհագրությամբ այսօսրվա մարտերն ավելի վատ են։ Տխուր օրերն առջևում են»,- գրել է Թոմաս դե Վաալը։
Հիշեցնենք, որ Թոմաս դե Վաալը, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի խնդիրներով, carnegie.ru կայքում հուլիսին հրապարակել էր հոդված «Զսպում առանց խաղաղության. ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են» վերնագրով։
Հոդվածում, ի թիվս այլ մտքերի, առանցքային էր այն, որ հեղինակի կարծիքով Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն բավարար գործիքներ ունեն երկու կողմերին զսպելու համար, բայց ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն ունեն, որպեսզի փորձեն ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն կնքել, էլ չենք խոսում խաղաղապահների գործուղման մասին, որոնք պետք է հետևեն համաձայնագրի կատարմանը։
Կարդացեք նաև
«Վերջին մարտերը վերջ դրեցին երկամյա մեղրամիսին։ Պարզ չէ, թե ով է առաջինը սկսել կրակել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն ավելի շատ շահագրգռված է ստատուս քվոյի խախտմամբ, քանի որ այն անարդար է համարում։ Սակայն Տավուշի և Թովուզի միջև գտնվող տարածքը, որը գտնվում է երկու երկրների միջև սահմանի հյուսիսային հատվածում, ունի որոշ առանձնահատկություններ. այն խիտ բնակեցված է երկու կողմերում, և երկու երկրների մոտ էլ ծանր սպառազինություններ են կենտրոնացած։ Ցանկացած միջադեպի կարող է հետևել արագ էսկալացիա, եթե դրա համար համապատասխան ցուցումներ լինեն։
Հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երկու երկրների առաջնորդներն, ըստ էության, պատանդ են։ Հակամարտությունն այնքան ամուր է մտել ազգային գիտակցության մեջ, որ ոչ մի առաջնորդ չի նահանջի կայացած ազգայնական նարատիվից։ Եթե անգամ նրանք հասկանում են խաղաղ կարգավորման ռազմավարական արժեքը, վախենում են այն ռիսկերից, որոնց հետ կապված կլինի այդ ուղղությամբ շարժվելը»,- գրել էր դե Վաալը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ