Այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի առաջ հետեւողական ու շարունակական պայման է դրվել ըստ էության՝ զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ կարգավիճակային ճշգրտման. «Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաեւ հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել ԼՂ որեւէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: Լինելու են հարցեր ու հարցադրումներ՝ արդյոք կարող էինք խուսափել ու ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից: Պիտի անեինք մի բան՝ համաձայնեինք, որ Արցախը ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզում եմ ՀՀ խորհրդարանը արձանագրի, ուղիղ եմ հարց տալիս՝ մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»: Պատգամավորները միաբերան պատասխանեցին՝ «ոչ»:
Փաշինյանը շարունակեց. «Չէի կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանն ասաց, որ հիմա ավելի շատ պետք է քննարկեն, թե ինչ են անելու: Նա հիշեցրեց, որ Արցախը չի ճանաչվել մինչ օրս, որովհետեւ ասվում էր, որ կռիվ կսկսվի, կներգրավվենք պատերազմի մեջ, բանակցություններ են եւ այլն: Հիմա բանակցություն չկա, կա՞ օրակարգում Արցախի ճանաչման հարցը ու Արցախը միացնենք Հայաստանին. «Հիմա պատերազմն է, կա՞ մեր օրակարգում այդպիսի հարց, մենք գնո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ»: Վարչապետը պատասխանեց. «Դուք 2 հարց եք բարձրացնում՝ ճանաչում եւ հետո: Եկեք հետոյի մասին չխոսենք: Կա՞ր օրակարգում այդպիսի հարց, այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ կա մեր օրակարգում, գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում՝ պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք»:
Կարդացեք նաև
Փաշինյանը առաջարկեց փաստարկները դնել կշեռքին. «Կշռենք, որոշենք, թե այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում, ունենո՞ւմ ենք, թե՞ չենք ունենում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ