Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես. ես պատրաստ եմ զոհվելու՝ հանուն մեր հայրենիքի». Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում արժանացավ ծափերի

Սեպտեմբեր 27,2020 18:15

Ռազմական դրություն հայտարարելուց հետո իրավունքի ուժով անհապաղ հրավիրվում է ԱԺ հատուկ նիստ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իրավիճակը: Նա ասաց, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով ու Ղարաբաղն օկուպացնել, սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է. «Հաշվի առնելով, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաեւ ՀՀ սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի՝ մասնակի զորահավաք: ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով, Արցախի հատկապես հյուսիս-արեւելքում ու հարավ-արեւելքում մղում է մարտեր, իրադրությունը լարված է: Ցավոք, ունենք զոհեր, ի սկզբանե թիրախավորվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները ու զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, նաեւ քաղաքացիական անձանց շրջանում: Հարված է հասցվել նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտին, այլ բնակավայրերի, ու ՊԲ-ն կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը ու ադրբեջանական ագրեսիան: Այս պահին մենք ֆիքսված որեւէ իրավիճակ չունենք, իրավիճակը զարգացման մեջ է: Լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է:

Պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածի մեջ, ըստ էության, ռազմավարական առումով անսպասելի որեւէ բան չկա, որովհետև, ըստ էության, կոնտեքստը հետեւյալն է այս պատմության՝ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում ու շարունակում է դրվել ու դեռ կդրվի կամ երկընտրանք է դրվում հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կամ ստանալ պատերազմ: Այսինքն, ուզում եմ հստակ արձանագրենք, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ էության եղել է այսպիսին եւ բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը՝ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ: Այս կոնտեքստն է, որ մեզ այսօր բերում է այս կոնֆլիկտին»:

Վարչապետը դիմեց ժողովրդին՝ հորդորելով ամուր կանգնել մեր հողի վրա. «Սա չափազանցություն չէ, եթե ասենք, որ մեր հազարամյակի գոյամարտի հերթական ու նույնիսկ գուցե ամենակարեւոր հանգրվանն է: Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի՝ մենք ունե՞նք ներուժ՝ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե՞ մենք այդպիսի ներուժ չունենք: Մենք ունե՞նք այդպիսի վճռականություն, հաստատակամություն….Տեղային կամ ոչ տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն, մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա եւ պաշտպանենք էս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը:

Այսօր ես չեմ եկել ասելու որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես. ես պատրաստ եմ զոհվելու՝ հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել ու չի՛ լինի: Հայ ժողովուրդը, ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա: Ու երբ ասում ենք, որ մենք բոլորս զինվորներ ենք, ծափահարում ենք այդ խոսքերին, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ՝ այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, ոչ մի միլիմետր չենք զիջի մեր հայրենիքը, մեր իրավունքը: Մենք պիտի հաղթենք, որովհետեւ մենք պարտվելու տարբերակ չունենք, հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, պետք է լինի ինքնորոշված, ինքնուրույն, ազատ, անկախ, հզոր, ինչպես այսօր է, ինչպես եղել է»:

Եզրափակելով՝ Փաշինյանն ասաց՝ պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետեւ սա վճռական ժամանակ է. «Մենք միասնական ենք, քան երբեէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930