«Հայաստանի եվրոպացի բարեկամները» վճռականորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները, որոնց նպատակը ստատուս քվոյի խախտումն է պատերազմի միջոցով։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններին՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով և թիրախավորել ոչ միայն տեղի ինքնապաշտպանական ուժերը, այլ նաև խաղաղ բնակչությանը։
«Չնայած Բաքվից և Անկարայից հնչող մեղադրանքներին, թե հարձակումը Հայաստանն է սկսել, Հայաստանի համար անտրամաբանական է որևէ ռազմական գործողություն հրահրելը։ Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել է բանակցություններից, և կասկածի տակ է դրել խաղաղության բանակցություններից գործունակությունը»,- ասված է հայտարարության մեջ։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հաղորդագրության մեջ համեմատություն է անցկացվում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության եւ Հայաստանի վարչապետի խաղաղասիրական ելույթների միջեւ։
Կարդացեք նաև
«Բաքվի կողմից բազմիցս հնչել է այն միտքը, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել երկրորդ հայկական պետությունը «իրենց հողերի» վրա»,- հիշեցրել են «Հայաստանի եվրոպացի բարեկամները»։
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ընդունել այս վերջին իրադարձության լրջությունը և ձեռնպահ մնալ կողմերին ուղղված սովորական կոչերից, որոնց հիմնված են կեղծ հավասարության վրա։ Հրադադարի ռեժիմը հիմա պետք է հուսալիորեն ամուր, ինչպես միջազգայնորեն խոստացվել էր 2016թ, քառօրյա պատերազմից հետո»,- ասված է հայտարարության մեջ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ