«Հիվանդանոցները հնարավորություն ունեն և այս պահին արդեն ընդունում են հիվանդների։ Այս պահին մեր բոլոր բուժաշխատողները կատարում են իրենց պարտականությունները։ Շրջաններում գրանցված ծանր դեպքերը բերվում են Ստեփանակերտի բուժ. հաստատություններ», – այս մասին այսօր Ստեփանակերտի միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասաց Արցախի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ՝ հավելելով, որ Արցախի առողջապահական ողջ համակարգը բերված է բարձր պատրաստականության։
Պարոն Առաքելյանը տեղեկացրեց նաև, որ Արցախի շրջաններում նույնպես կատարվում են բոլոր աշխատանքները.«Բոլոր բուժ. հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով։ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ մենք տեղեկացնում ենք անհրաժեշտ ամեն ինչի մասին և նրանք աջակցում են»։
Արցախցի պաշտոնյան նույնպես հաստատեց, որ ունենք զոհեր, իսկ վիրավորների մասով աշխատանքները շարունակվում են։
Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանն էլ ներկայացրեց, որ հակառակորդի հարձակման արդյունքում առկա են խնդիրներ Արցախի ենթակառուցվածքներում. «Մենք իրականացնում ենք օպերատիվ միջոցառումներ, յուրաքանչյուր խափանում ստանում է օպերատիվ լուծում։ Այս պահին ունենք էլեկտրամատակարարման և գազի մատակարարման խնդիր։ Այդ մասով համայնքներում հենց հիմա իրականացվում են համապատասխան աշխատանքներ»։
Կարդացեք նաև
Նա բնակչությանը կոչ է անում խուճապի չմատնվել, քանի որ պետությունը վերահսկում է իրավիճակը և ենթակառուցվածքները կաշխատեն իրենց բնականոն հունով։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ ճանապարհներն անցանելի են, բնակչության տեղաշարժի հնարավորությունն ապահովված է. «Կապի առումով խնդիրներ չկան։ Կան չնչին տեխնիկական հարցեր, որոնք ստանում են լուծումներ։ Կապը միշտ ուշադրության կենտրոնում է, քանզի այն է մեզ կապում ողջ աշխարհի հետ։
Ջրամատակարարումը նույնպես վերահսկվում է և այս պահին խնդիր չունենք, բնականոն հունով ընթանում է»։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, միասնական տեղեկատվական շտաբի ղեկավար Վահրամ Պողոսյանը ևս հավաստիացրեց, որ պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ. «Վերահսկվում է ռազմական, քաղաքական և տնտեսական կյանքը։ Կրկին կոչ եմ անում մնալ թաքստոցներում, խուճապի չմատնվել»։
Նա հիշեցրեց, որ ձևավորվել է տեղեկատվական շտաբ, որտեղ օրվա տարբեր ժամերի բրիֆինգով հանդես կգան Կառավարության անդամներ, տարբեր պաշտոնյաներ և կներկայացնեն իրավիճակը։
Նելլի Գրիգորյան