Ermenihaber.am – Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող ռազմական գործողություններին։
«Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական ուժերի միջև։ Մեր երկիրը (Թուրքիա-խմբ․) պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց։ Այս պատերազմը չունի հաղթող: Սակայն պարտվողները կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները»,- գրել է Փայլանը և կոչ արել պատասխանատվություն ստանձնել հրադադարի պահպանման համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07։10-ի սահմաններում ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում։ Թշնամին հետ է մղվել՝ կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են։