Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում ս․թ․ սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:
ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։
«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», – ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ – «Մենք հորդորում ենք կողմերին մշտապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։
ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին։ ԿԽՄԿ-ն նաև աշխատանքներ է տանում՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը։
Կարդացեք նաև
ԿԽՄԿ պատվիրակություն