Թշնամու այս հարձակումն անակնկալ չէ, նրա նպատակը դարավոր է, սա պատերազմ է հազարամյա, պատերազմ է հարյուրամյա: Անցած հարյուրամյակի վերջում մեզ կրկին պարտադրված պատերազմում մենք ձերբազատվեցինք զոհի, անհույս դիմադրողի կարգավիճակից և կերտեցինք ՀԱՂԹԱՆԱԿ` ազատագրեցինք Արցախ նահանգը, այն էլ` ոչ ամբողջությամբ…
Ջախջախումից ուշքի եկած թշնամին, ով չի ճանաչում մեր Հայրենիքում մեր ապրելու իրավունքը, ով արդեն բացահայտ պահանջում է Սյունիքը, Արարատյան դաշտը, Երևանը, նոր դիրքեր էր զբաղեցնում Նախիջևանում, զինվում էր և պատրաստվում նոր պատերազմի:
Սիրելի հայրենակիցներ,
Այլևս չպետք է թույլ տանք նախկին սխալները: Պաշտպանական բանակը պետք է վերածվի ազատագրական բանակի, ռազմական դրության պայմաններում ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչները ռազմիկ են և ապահովում են թիկունքը Հայկական Զինված ուժերի: Մենք պետք է օր առաջ գիտակցենք, թե որոնք են հայկական համազգային առաքելությունից այսօր բխող մեր գործողությունները, և այժմ, քան երբևէ, պարտավոր ենք լինել միասնական և վճռական: Անկախ բնակության վայրից և քաղաքական տարբեր դիրքորոշումներից` անհրաժեշտ է համահայկական ազգային համերաշխություն, ռազմական, տնտեսական, մտավոր և ինտելեկտուալ բոլոր ուժերի գործնական համախմբում` հանուն Հայկական Զինված ուժերի նոր հաղթանակի և Հայրենիքի գերված տարածքների ազատագրման:
Այս պատերազմում համազգային համախմբմամբ կկերտենք մեր ազատագրական ՀԱՂԹԱՆԱԿԸ` ի շնորհիվ նաև հերոսական հայ զինվորի ու սպայի:
«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ