ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նախ իր ուղերձն անգլերեն հնչեցրեց՝ միջազգային հանրությանը հասցնելու համար, ապա պատասխանեց ԶԼՄ-ների հարցերին:
«Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը այս պահի դրությամբ աշխատում է արտակարգ ռեժիմով, մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ արդեն իսկ համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին: Բոլորը տեղեկացվել են զարգացումների, հայկական կողմերի գնահատականներին»,-հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նրա խոսքով, առավոտից ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Կարելի է ասել՝ ամեն զարգացում կապի արդյունք է տալիս…Նախարարը կապի մեջ է նաեւ Վրաստանի արտգործնախարարի եւ մի շարք այլ գործընկերների հետ, որոնց պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն իրադրության վերաբերյալ»:
Աննա Նաղդալյանն ասաց, որ այս պահին ստացվող արձագանքը հետեւյալն է՝ անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները տեղում եւ գնալ լարվածության թուլացման:
Կարդացեք նաև
Հարցին՝ այսօր օրակարգում Արցախի անկախությունը ճանաչելու հարց կա՞, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Ընթանում է անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում բազմաթիվ հարցեր կան, ու քանի դեռ խորհրդի նիստը չի ավարտվել, ես իրավունք չունեմ օրակարգի որեւէ հարց պարզաբանելու, չեմ էլ հաստատում, որ օրակարգում նման հարց կա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ