Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Երկրապահի տարածքային բաժանմունքում այս պահին բազմաթիվ կամավորներ են հավաքվել։
ԵԿՄ քաջարանի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թշնամու հանկարծահաս հարձակման լուրը լսելուն պես՝ բոլորը հավաքվեցին, առանց զգուշացնելու ու կանչելու։
Քաջարանցի երկրապահները սպասում են համապատասխան հրամանի, որ մեկնեն Արցախ՝ առաջնագիծ։
Շատերի հետ մեկնելու ցանկություն է հայտնել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ՓՎ արտադրամասի պետ, «Երկրապահ» կամավորական միության անդամ Կամո Ղազարյանը։
Վերջինս ընտանիքով՝ հոր եւ երկու եղբայրների հետ մասնակցել է ապրիլյան քառօրյային։
Կարդացեք նաև
Ի դեպ, Կամո Ղազարյանի որդին Նարեկ Ղազարյանը ժամկետային զինծառայող է, եւ այս պահին մասնակցում է թեժ մարտերին։
Արցախ պատրաստ է մեկնելու նաեւ Սասուն Արզումանյանը, որի որդին՝ Սպարտակը նույնպես ծառայում է ՀՀ Զինված ուժերում։
«Պիտի միասնական լինենք, պատերազմը տարիք չի հարցնում։ Ի վիճակի ես՝ ուրեմն զենքը վերցրու ու պաշտպանի հողդ։ Մեր երիտասարդ տղերքի կողքին պիտի լինենք»,–ասաց Սասունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ