«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը, գնահատելով ստեղծված իրավիճակն ու պահի լրջությունը, հարկ է համարում արձանագրել, որ անհրաժեշտ է մեկ մարդու պես դրսևորել համերաշխության ու միասնության բացառիկ մթնոլորտ՝ համախմբվելով Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուրջը՝ մի կողմ դնելով բոլոր տեսակի տարաձայնությունները,
Ակնհայտ է, որ Ալիևը պահպանում է ատելության քաղաքականության գիծը՝ սկսելով հերթական պատերազմը Արցախի դեմ:
Մեր խորին համոզմամբ, Հայաստանը, գնահատելով զարգացումների այսպիսի ընթացքը, պետք է հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը` ներկայացնելով իր առավելագույն և նվազագույն ակնկալիքները Արցախի հարցի կարգավորման հետագա ընթացքի վերաբերյալ՝ հետևյալ համատեքստում:
1. Որևէ դեպքում չի ընկրկելու Ադրբեջանի ռազմական արկածախնդրության առաջ, ավելին` մշտապես ստանձնելու է ռազմական և քաղաքական պատասխանատվություն Արցախի և նրա ժողովրդի անվտանգության ապահովման գործում և այդ առումով ներդնելու է իր բոլոր հնարավորությունները:
Կարդացեք նաև
2. Հայաստանը որևէ այլընտրանք չի տեսնում հարցի խաղաղ կարգավորմանը, պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ բանակցություններին` Միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հիման վրա, միաժամանակ պնդում է, որ արժանի ռազմական հակահարված կհասցնի Ադրբեջանին` այդ թվում և նրա ռազմավարական օբյեկտներին, եթե վերջինս շարունակի սպառնալ պատերազմով և փորձի իրականացնել ռազմական ավանտյուրա:
3. Հայաստանը կարող է դիտարկել և պահպանում է իր զինանոցում Արցախի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու հեռանկարը, եթե վերջնականապես հանգի այն համոզմանը, որ հարցի խաղաղ կարգավորման հեռանկարը Ադրբեջանի դիլենտանտության պատճառով վիժեցված է, և վերջինիս քաղաքականությունն իսկապես սպառնում է Հայաստանի և Արցախի, ինչպես նաև նրա ժողովուրդների անվտանգ գոյությանը:
4. Հայաստանը 1994թ-ից ի վեր Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կողմից հռչակված սկզբունքներից և մոտեցումներից նահանջելու տեղ և իրավունք չունի, քանի որ այդ նշաձողից անգամ մեկ քայլ նահանջը սպառնում է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը:
«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամները, որպես օրինապահ քաղաքացիներ, պատրաստ են ցանկացած պահի կատարել պետության ռազմաքաղաքական ղեկավարության հրամանները՝ իրենց պարտքը համարելով մասնակցել հայրենիքի պաշտպանությանը՝ վստահ լինելով, որ այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք ու հաղթելու ենք:
Փա՛ռք հայոց բանակին ու մեր զորքին:
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ