Այսօր Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել՝ հայտնելով. «Արդեն քանի օր է՝ Ադրբեջանի քաղաքական էլիտան տարբեր ձեւաչափերով աշխարհին նախապատրաստում է պատերազմի: Տարբեր շեշտադրումները՝ կապված իբր Սիրիայից կամ այլ երկրներից քուրդ կամ այլ ազգի վարձկաններ կան Արցախում…այսինքն, նրանք հայտարարում են, իբր մենք անում ենք այն, ինչն իրենք անում են: Մենք ունեինք ինֆորմացիա, որ իրենք վերջին մի քանի օրերին ինքնաթիռներով Թուրքիայից եւ այլ երկրներից՝ կամավորականներ ասենք, թե վարձկաններ ասենք, տեղափոխել են Ադրբեջան: Արդեն երկար ժամանակ է, Թուրքիայի բանակը փաստացի գտնվում է Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք նպատակը որն է: Արդեն մի քանի օր է՝ համատարած մոբիլիզացիա է սկսել, իհարկե, ներկայացնելով կեղծ օրակարգ, որ իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի:
Ուզում եմ հայտարարել, որ մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք: Աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում եւ արցախցին է ուզում: Ցանկացած պատերազմ սկսելու պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի իշխանությունը, ոչ միայն այսօր, վաղը եւ ապագայում: Ամեն մի զոհի համար պատասխան են տալու»:
Արայիկ Հարությունյանը ցավ հայտնեց, որ ունենք արդեն կորուստներ. «Մարտունիում արդեն ունենք երեխայի կորուստ»: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին զոհվածների հիշատակը:
Արայիկ Հարությունյան ասաց. «Մենք չենք ուզել պատերազմ, մեզ պարտադրել են պատերազմ: Չհայտարարված, բայց հայտարարվա՛ծ պատերազմ: Արդեն ամիսներ շարունակ հայտարարում են: Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների: Այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի՛ եկեք, այն հումանիտար աղետը, որը սպասվում է այս տարածաշրջանում, ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիեւը եւ իր սերունդները»:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում շփման գծում. «Առավոտյան արդեն մի քանի ժամ է, կարող ենք հայտարարել լայնածավալ հրթիռակոծություն, հրետակոծություն, օգտագործում են ձեռքի տակ եղած համարյա ինչ կա-չկա՝ անօդաչու սարքեր կլինեն, ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ եւս առաջնագծում եղել են, ոչ միայն հրթիռակոծել են զինվորական, նաեւ քաղաքացիական, ունենք արդեն քաղաքացիական շրջանում զոհեր, տասնյակ վիրավորներ: Ռազմական դրության պայմաններում ես մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համատարած զորահավաք եւ ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների շուրջը: Կոչ եմ անում սփյուռքին, քաղաքական ասպարեզում, բոլոր բնագավառներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի իշխանության դեմ: Պատերազմ հայտարարել ոչ թե Ստեփանակերտում, առաջնագծում, այլ՝ ամբողջ աշխարհով մեկ: Բայց այդ պատերազմը խաղաղ ադրբեջանցու դեմ չէ: Ես ՀՀ-ից դուրս ապրող իմ հայրենակիցներին կոչ եմ անում, որ ադրբեջանցի քաղաքացիները մեղք չունեն իրենց համար ազգադավ, ազգակործան, թալանչի, մարդասպան իշխանության համար: Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի իշխանություններից բացի, Ադրբեջանն ունենալու է առողջ մտածելակերպ ունեցող էլիտա եւ զինվորականներ, որոնք կասեցնելու են այս սպասվող հումանիտար աղետը: Չեն հաշվարկել՝ արդյունքն ինչ է լինելու: Բայց պատասխանը ստանալու են: Ստանալու են, որովհետեւ մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում, մենք աղոթում ենք խաղաղության համար, բայց պատրաստ ենք ամբողջ գնով, ազգով, մեր կյանքով պաշտպանենք մեր հայրենիքը»:
Արայիկ Հարությունյանը հորդորեց խուճապ չստեղծել, առաջնորդվել միայն իշխանության կողմից տրված ցուցումներով, սահմանափակել տեղաշարժը, միայն խիստ անհրաժեշտության դեպքում տեղափոխվել, որովհետեւ արդեն ճանապարհներն էլ են վերցրել նշանառության տակ. «Խուճապը պարտություն է: Փառք Աստծո, բանակում չկա խուճապ, հասարակության մոտ չկա խուճապ: Կենաց-մահու պատերազմ է, կենաց-մահու պատերազմ ենք տալու բոլորս՝ 17 տարեկանից սկսած՝ մինչեւ վերջ: Ազգովի պատերազմ ենք մղելու եւ ազգովի հաղթելու ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ