«Լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ եւ ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում, մարտական գործողություններն այս պահին էլ են ընթանում, բավականին թեժ են, Պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի նախագահը արդեն հայտարարություններ տարածել են՝ կոնկրետ ուղղություններով, տեսանյութեր ենք հրապարակել ընթացող մարտերից, դրանք բավականին թեժ են»,- ճեպազրույցում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, հասցրել է հրթիռային, ավիացիոն, հրետանային հարվածներ Պաշտպանության բանակի զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. «Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են, իսկ կոնկրետ թվագրական տվյալներ լրացուցիչ կներկայացնենք: Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կլինի անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում ըստ իրավիճակի՝ կորոշվեն հստակ հարցեր, արդեն կա որոշում զորահավաքի մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ