Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր լրագրողներին ասաց, որ մասշտաբային պատերազմ է սկսվել, բայց կոչ արեց ժողովրդին հանգիստ լինել, կարողանալ ապահով տեղերում լինել, բայց տղամարդկանց կոչ արեց մեկ մարդու նման գնալ այն զորամասեր, որոնց կցված են:
Սամվել Բաբայանը կոնկրետ թվեր չնշեց վիրավորների եւ զոհերի մասին, բայց հաստատեց, որ կան զոհեր. «Մենք ոչինչ մեր հասարակությունից չենք թաքցնելու, մենք չենք պախկվելու սենյակներում, ամբողջ ինֆորմացիան օրվա վերջին ստանալու եք»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է նաեւ հայաստանյան մոբիլիզացիային, ասաց, որ Հայաստանում մասնակի մոբիլիզացիա կլինի: Նա ասաց, որ վերջին տվյալներով շուրջ 10 զոհ կա զինվորականների շրջանում, իսկ քաղաքացիական անձանց շրջանում՝ վիրավորվածներ:
«Սա պատերազմ է, առանց հայտարարելու պատերազմ է սկսվել, մենք վստահ պետք է այս պատերազմում հաղթող դուրս գանք, այլընտրանք էլ չունենք: Կոչ եմ անում մեր ժողովրդին, որ երբեւէ խուճապ չլինի, հանգիստ՝ ամեն ինչ կարգավորելու ենք: Բայց տղամարդկանց ասում եմ՝ մի մարդու նման ներկայանալ իրենց կցված զորամասերը»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հավելեց, որ ադրբեջանցիները մեծ կորուստներ ունեն ամեն րոպե. «Վաղը, մյուս օրը կասենք, թե ինչ զարգացումներ են սպասվում»:
Սամվել Բաբայանը հայտնեց, որ Թալիշից, Մատաղիսից, Մարտակերտից, Հադրութից, բոլոր այն վայրերից, որտեղ հրետակոծություններն անխուսափելի են, մարդկանց տեղափոխել են: Նա ասաց, նաեւ, որ Արցախի կողմից 4-5 դիրքի կորուստ կա, բայց վերականգնման հնարավորություն էլ կա: «Պատերազմը մենք չենք սկսել, Ադրբեջանը մի անգամ էլ պետք է հանգստանար, այնպես որ կոչ եմ անում շուտափույթ մոբիլիզացիա»,-ասաց Բաբայանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ