Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ձերբակալված օպերլիազորները մատով որեւէ մեկի չեն կպել. փաստաբան

Սեպտեմբեր 26,2020 22:37

Երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալված Նոր Նորքի բաժնի երեք օպերլիազորների խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչը այսօր միջնորդություն էր ներկայացրել դատարան: Միջնորդության քննությունը հետաձգվել է, կշարունակվի վաղը: Այս մասին Aravot.am-ին ասաց օպերլիազորների պաշտպանը՝ փաստաբան Հրանտ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:

Օպերլիազորների պաշտպան Հրանտ Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը. «Խոշտանգման մասին խոսք չկա, իմ պաշտպանյալները մատով որեւէ մեկի չեն կպել, ոչ ել բերման են ենթարկել քաղաքացիներին, հրավիրել են ոստիկանության բաժին… Ոստիկաններն անպաշտպան են, ցանկացած քաղաքացու բողոք ավելի բարձր նշանակություն ու ուժ ունի, քան ոստիկանի դիրքորոշումը: Բազմաթիվ դեպքերի ականատես ենք եղել, որ մի չնչին բողոքի դեպքում մարդիկ դիմում են ՀՔԾ, ոստիկանները ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ»:

Փաստաբանն ասաց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող պատասխանել մեր հարցին, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանության բաժնում, երբ քաղաքացիները ներկայացել են բաժին:Մեր հարցին, թե կանանց վեճին միջամտե՞լ են նրանց ամուսինները, փաստաբանը չմեկնաբանեց, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, որ կանանց վեճին նրանց ամուսիններն են խառնվել: Նա այլ տեղեկատվություն դեպքի մասին չտրամադրեց, միայն հավելեց, որ այսօր իր պաշտպանյալների ձերբակալման իրավաչափության հարցն են վիճարկել, բայց դատարաններն այնքան են դատական նիստերը հետաձգել, որ ՀՔԾ-ին հնարավորություն ընձեռեն անօրինական կերպով մեղադրանք առաջադրի իր պաշտպանյալների նկատմամբ, կալանավորման միջնորդություն ներկայացվի դատարան եւ այդ միջնորդությունը ձերբակալման իրավաչափության հարցի հետ քննարկվի:

Հիշեցնենք նաեւ, որ այս դեպքով ձերբակալվել է նաեւ Նոր Նորքի ոստիկանապետը. ըստ մեղադրանքի՝ նա անհարկի միջամտել է Ա. Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել է վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս says:

    Երեւի ուզում են ասել շատ չեն ծեծել? Ենթադրենք: Բայց մարդկանց փաստացի ,,բերման ենթարկել են,, : Այսինքն ազատությունից զրկել են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930