ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կարող են հայտնի դառնալ մի քանի ամիս անց միայն։ Սպիտակ տան ղեկավարը Վիրջինիայի նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե քիչ հավանական է, որ քվեարկության հաղթողը հայտնի դառնա ընտրությունների ավարտի օրը և բացատրել է դա փոստի միջոցով ձայների հաշվարկման սխեմայով։
Իսկ Ատլանտայում համախոհների հետ հանդիպման ժամանակ Թրամփը կատակել է, թե չի ընդունի ընտրությունների արդյունքները, եթե պարտվի Ջո Բայդենին, ու ևս 10 տարի կմնա նախագահի պաշտոնում։
«Գիտեք, մարդ չի կարող կատակել։ Լրատվամիջոցները միշտ կտրում են այն հատվածը, որտեղ դու ծիծաղում ես, և մարդիկ մտածում են, թե այդ ամենը լուրջ է»,- ասել է Թրամփը։
Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել էր, թե դեմոկրատների առաջարկած փոստային քվեարկությունը կեղծարարության պատճառ կարող է դառնալ, իսկ քվեարկությունն իրենով խոցելի կլինի արտասահմանից միջամտելու համար։ Ավելի վաղ նա հրաժարվել էր երաշխավորել ԱՄՆ-ում իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ