Լեւոն Ղասաբօղլյանի առաջին հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց ֆուտբոլի վետերանների հավաքականը, որը եզրափակչում համառ պայքարում 1-0 հաշվով հաղթեց «Էրեբունի» թիմին:
Մինչ այդ «Գազպրոմ Արմենիա»-ն 5-0 հաշվով հաղթեց Նոր Հաճնի թիմին եւ նվաճեց երրորդ տեղը։
Լեւոն Ղասաբօղլյանի ընտանիքի անունից հանձնվեցին նաեւ հատուկ մրցանակներ։ Լավագույն հարձակվող ճանաչվեց Խորեն Վերանյանը վետերանների թիմից, լավագույն կիսապաշտպան՝ Հովհաննես Մամբրեյանը «Գազպրոմ Արմենիա»-ից, լավագույւն պաշտպան՝ Հովհաննես Մուրադյանը «Էրեբունուց», լավագույն դարպասապահ՝ ֆուտբոլի վետերան Գարիկ Հովհաննիսյանը, իսկ ամենատարեց մասնակցի գավաթը ստացավ Արմեն Արմենակյանը Նոր Հաճնի թիմից։
Հիշեցնենք, որ հուշամրցաշարը կազմակերպել էին Լեւոն Ղասաբօղլյանի ընտանիքը եւ ընկերները։
Կարդացեք նաև
Լեւոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» եւ «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր
Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական ֆուտբոլի մարզիչ։ Աշխատել է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։
2020թ․ փետրվարից մինչ մահը նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ