2018թ. կարգախոսները երկու տարվա ընթացքում մոռացության մատնվեցին։ Արդարության կարգախոսով իշխանության եկածները շատ արագ հրաժարվեցին արդարադատության երաշխիք դատաիրավական համակարգի առողջացման, անկախ դատական համակարգ ստեղծելու քայլերից։ Փոխարենը փոխվեցին պատկերացումները դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Դրանք էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։
Հին, անարդար և վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու փոխելու փոխարեն իշխանությունները գնացին բոլորովին այլ ճանապարհով՝ սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։
Փաշինյանին պետք էին դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։ Մենք այս մասին ամիսներ առաջ արդեն նախազգուշացնում էինք։
Ըստ էության, այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Ավան վարչական շրջան Գյումրիից «գործուղվեց» Վահե Միսակյանը։ Վերաքննիչ դատարանի «դրիմ թիմի» կազմում են Արմեն Դանիելյանը, Մհեր Արղամանյանը, Տիգրան Սահակյանը, Արմեն Բեքթաշյանը, Լուսինե Աբգարյանը։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։
Համակարգը կայացել է, համակարգը գործում է։
Այս համակարգում, ի թիվս այլ դատավորների, իր «պատվավոր» տեղն ունի Մնացական Մարտիրոսյանը։ Նրա ծառայությունները սկսեցին դեռևս Մանվել Գրիգորյանի գործով։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։
Մնացական Մարտիրոսյանին այս կերպ շահագործելու պատճառ Փաշինյանն ունի։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Հիմա Փաշինյանը նրան պատժում է, ստիպելով՝ ամեն անգամ կայացնել արդարադատության հետ որևէ աղերս չունեցող որոշում։ Թե ինչպես է դրանից հետո ապրում Մնացական Մարտիրոսյանը՝ միայն իրեն է հայտնի։
Ծառուկյանի կալանքի որոշումը ևս այս տրամաբանության շրջանակներում է։ Քրեական գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ ապացույցների բացակայության պարագայում այդ հիմքով կալանքի որոշում է կայացվում։ Սա արդեն նորություն չէ։ Սա իշխանությունների կամքը անշեղորեն կատարելու համար փորձված մոտեցում է։ Մենք այս տարիների ընթացքում դրան բազմիցս ականատես ենք եղել։ Կալանքի մասին որոշում է կայացվում այնպիսի գործով, որի դեպքում պետք է շարժվեինք ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ խորքային հետևությունների և խորքային լուծումների ճանապարհով։ Ծառուկյանն այս որոշումն ընդունեց արժանապատվորեն, և դրան զուգահեռ առաջիկայում պահանջվելու է քաղաքական գրագիտություն, համբերատար և ճշգրիտ քայլեր։
Կարդացեք նաև
Ես կրկին ներկայացնում եմ խնդիրը՝ ցույց տալու համար, որ իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։ Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։ Այս համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խորը կասկածի մթնոլորտ են ստեղծելու։
Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը։
Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ