2020 թ. սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր (BeECO)» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային համաժողովը։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ուրբան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը։ Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը և Սևծովյան ավազանի ծրագրերի ազգային համակարգող Աստղիկ Հայրապետյանը։
Ծրագիրը համառոտ ներկայացրեց ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Գայանե Սարգսյանը։ Ծրագիրը երկամյա է, այն իրականացվելու է տեղական շահակիր կողմերի լայն շրջանակի՝ պետական և տեղական իշխանությունների ու գերատեսչությունների, բնապահպանների, քաղհասարակության կառույցների, ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ համատեղ։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Սևծովյան ավազանի շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ կրթության, իրազեկման և գետերի ու լճերի մաքրման արշավների միջոցով։
Ծրագրի կիզակետում է՝ Սևանա և Բելեու լճերի (Հայաստան և Մոլդովա) Դանուբ և Ռիոնի գետերի (Ռումինիա և Վրաստան) շրջակա միջավայրի պաշպանությունը գետերի և ծովերի աղբի կրճատմանն ուղղված ընդհանուր կրթության, իրազեկման և գետերի մաքրման արշավների միջոցով։ Ծրագրի նորարարական բաղադրիչը ՏՏ հավելվածի ստեղծումն է, որը տեղական բնապահպանական պարեկային ծառայությանը՝ ծրագրի շրջանակներում ձեռք բերված շրջիկ էլեկտրամոբիլին, հնարավորություն կտա համապատասխան մարմիններին փոխանցելու տեղեկատվություն տուժած տարածքի, թափոնների բնույթի և քանակի մասին: Ծրագրի ընթացքում բնապահպանական միասնական հարթակի ձևավորումը կնպաստի լավագույն փորձի տարածմանը և հնարավորություն կտա ներդնելու նորարարական մոտեցումներ թափոնների կառավարման ոլորտում:
Տարածաշրջանային ծրագրի մյուս գործընկերներն են՝ «Ստորին Դանուբի Եվրարեգիոն» անդրսահմանային համագործակցության ասոցիացիան (ղեկավար, Ռումինիա), Պրո Նատուրա Գալաթի ասոցիացիան (Ռումինիա), Իմերեթիի գիտնականների «Սպեկտրի» միություն (Վրաստան), Անդրսահմանային համագործակցության եվրոպական ինտեգրացիայի գործակալություն (Մոլդովա)։
Սևանա լճի հիմնախնդիրները ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը։
«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ