Հարցազրույց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
– Անկախության 29-ամյակին Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականի ռազմավարության ծրագիր ներկայացրեց, ծանո՞թ եք՝ ծրագրում է մինչեւ 2050-ը մնա՞լ, առհասարակ՝ այսքան երկար ծրագիր գրո՞ւմ են։
– Չգիտեմ՝ մնալու մտադրություն ունի, թե ոչ, բայց ինքը մի տարվա ծրագիր չի կարողանում գրել, հանկարծ 30 տարվա ծրագիր է գրում։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ իր ներկայացրածը ծրագիր չէ, ծրագիր է այն, որը դու նշում ես որպես նպատակ, ապա նշում ես նաեւ նպատակիդ հասնելու միջոցները։ Օրինակ, երբ դու ասում ես՝ շախմատի աշխարհի չեմպիոն կտանք, միջոցներն ասա․․․ Կառավարության տնտեսական ծրագիրը, բացի վերը նշված սկզբունքից, պարունակում է եւս երկու կետ՝ կա մակրոտնտեսական կառուցվածքային քաղաքականություն, օրինակ, հարկային համակարգ, տեղական ինքնակառավարում, պետական կառավարման համակարգ եւ այլն։ Սա է ծրագիրը, պլյուս պետության ինվեստիցիոն քաղաքականությունը՝ ինչ ճանապարհ է կառուցելու, կամուրջ, երկաթգիծ, հիդրոկայան, ինչպես է նպաստելու էներգետիկայի զարգացմանը, պետություն-մասնավոր հատված գործընկերային հարաբերություններն ինչպես է պատկերացնում եւ այլն։ Այսպիսի ծրագիր գրելը բարդ է՝ թեկուզ 3-4 տարվա համար։
– Բայց Փաշինյանն ասում է՝ պիտի ամբիցիոզ ծրագրեր կազմենք, որ ձգտենք հասնել, հետո կքննարկենք դրանց հասնելու ճանապարհը։
Կարդացեք նաև
– Ամբիցիոզ ծրագրերի հետ շախմատ-մախմատը կապ չունի։ Երկրորդը․ մեր առջեւ մենք կարող ենք դնել 10 տարվա ծրագիր, ինչպես ես առաջարկել էի 2 տարի առաջ, որ 9 միլիարդի ներդրում անենք, այսքան ճանապարհ սարքենք, Թբիլիսի հասնենք մի ժամում, օդանավակայանի հետ կապված ծրագիր, ատոմակայան կառուցենք եւ այլն՝ 10 տարի, բայց 30 տարի հետո գուցե ընդհանրապես ատոմակայան կառուցել պետք չէ։ Ոչ ոք նման խելահեղ բան չի անում՝ 30 տարվա հանդգնություն։ Հետո․ ինչքան երկիրը մեծ է, հեշտ է ծրագրավորելը, որքան փոքր է՝ իր վրա արտաքին ազդեցության էֆեկտն այնքան էական է։ Ինչո՞ւ է ԱՄՆ-ն 4 տարին մեկ նախագահ փոխում․ որովհետեւ 4 տարուց ավելի ծրագիր կազմել հնարավոր չէ։
Ֆրանսիան 7 տարով է նախագահ ընտրում, Գերմանիան 5 տարով՝ կանցլեր, որովհետեւ տեսադաշտը 4-5 տարուց ավելի չի երեւում։ Եվ ահա՝ գալիս է մեկը, 30 տարվա «ծրագիր» է ասում` պարզագույն մտքեր։ Թույլ տվեք մնացածը չմեկնաբանել, որովհետեւ դրանք մեկնաբանելու համար լավ կլինի հոգեբույժի, մարզական մեկնաբանի կամ գինեկոլոգի դիմեք։
Հիշեք՝ 30 տարի առաջ ինչ էր։ Ես կարո՞ղ էի 90-ականներին ծրագրավորել WhatsApp-ը, ուրեմն ինչո՞ւ է պետության առաջնորդը զբաղվում նման թեթեւամիտ գործունեությամբ։ Հավաքել է մի քանի երեխա ու ինչ-որ հեքիաթներ է պատմում։ Պատահական չէ, որ իր ասածների մեծ մասը ծրագրային չէ, դու ֆուտբոլի հետ ի՞նչ գործ ունես։
– Կամ՝ 25 օլիմպիական չեմպիոն ենք տալու։
– Առաջին 30 տարում օլիմպիական 2 չեմպիոն ենք տվել, մեկն իմ ժամանակ է եղել՝ Արմենը Նազարյան, մյուսը՝ վերջին խաղերում․ Արթուր Ալեքսանյանը։ 25 չեմպիոնը բոլոր մեդալների 2-3 տոկոսն է կազմում․ մտածիր, նոր խոսիր, էլի։
– Բայց, մյուս կողմից, ընդդիմությունն էլ ակտիվ չէ, քաղաքական դաշտն աղճատված է, չկա այլընտրանք․․․
– Ես ակտի՞վ չեմ։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում կմիավորվեն, ուժ կդառնան։
– Օրինակ, կա՞ն մարդիկ, որոնց կմիանաք, կա՞ գործընթաց։
– Ես գրեթե ցանկացած առողջ ուժի կմիանամ։
– Կմիանաք պայմանով, որ լիդերը Դուք եք լինելու, չէ՞։
– Ոչ, ոչ, այդտեղ լիդերության հարց չի լինի, ես համաձայն եմ, որ լիդեր չլինեմ, կոլեկտիվ որոշումներ ընդունվեն։
– Հիմա «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը հանրահավաք է անում, համագործակցության առաջարկ ստացե՞լ եք, հանդիպե՞լ եք նրանց հետ։
– Վանեցյանի հետ եմ մեկ անգամ հանդիպել, մի քանի անգամ՝ Դաշնակցության հետ՝ իրենց տնտեսական ծրագրերի մասով ժողովների ժամանակ։
– Իսկ նախկին նախագահների հե՞տ։
– Այո, առաջին եւ երկրորդ նախագահների հետ կապվել եմ։
– Դուք տեսնո՞ւմ եք կոնսոլիդացիայի հնարավորություն։
– Ես չեմ կարող բոլորի տեղը խոսել կամ ասել՝ այնտեղ ով ում կխանգարի։ Չեմ կարող։ Բոլորը հասկանում են մի բան, որ ռեգիոնալ միությունների ձեւավորումը մոտ ապագայում անխուսափելի է լինելու։ Հայերի եւ հայոց պետականության առջեւ վաղ թե ուշ հարց է ծագելու՝ ուր գնալ, որ ուղղությամբ։ Սա հասկանում են բոլորը։ Գործող իշխանությունն ուզում է՝ Սորոս, Արեւմուտք եւ այլն։ Իհարկե, այս երկուսը չի կարելի նույնացնել, բայց, ընդհանուր առմամբ, դրանք միեւնույն աղբյուրն են։ Փաշինյանը խոսում է դեմոկրատիայից եւ այլնից։ Կաշառակերությունն իրենք այլ տեսանկյունից են նայում։ Օրինակ, այսօր ճանապարհաշինության ոչ մի տենդեր չի կայանում, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ պրոռուսական իշխանություն, հիմա արեւմտյան դեսպաններն այստեղ բարձրաձայնել էին կոռուպցիայի եւ կաշառակերության մասին։ Մի հատ ապօրինի բուդկա քանդեցին եւ վերջ, մենք պետք է ասենք, որ կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար տեսանք՝ ի՞նչ փոխվեց։ Կամ՝ «Սանիթեքին» հանեցին, փոխեցին իրենց կազմակերպությունով, «Սանիթեքը» միլիարդներով պարտք էր բանկերին, այդ պարտքը փակեցին պետբյուջեի հաշվին, բանկերն էլ ուրախությունից ցատկոտեցին, բայց չէ՞ որ այդ մի քանի միլիարդով կարելի էր թոշակ բարձրացնել։ Կամ որ ասում եք՝ իշխանության մոտ այսքան ազնվություն․․․ ես չեմ տեսնում։ Բյուջեից մենակ փող են դուրս գրում, ինչքա՞ն կարելի է, դա գողություն է, չէ՞։ Ո՞նց կարելի է մարդու աշխատավարձը լինի 1000 դոլար, բայց ամեն ամիս պրեմիա ստանա՝ 3000-4000 դոլար։
– Ասում են՝ նախկինում հարկերը թաքցնում էին, հիմա հավաքում ենք, կարող ենք մեզ նաեւ պարգեւատրել։
– Չկա այդպիսի բան, բյուջեի ավելացում չկա։ Այս տարվա բյուջեն 24 տոկոսով պակաս է պլանից, իսկ անցյալ եւ նախանցյալ տարի բյուջեն 100 միլիարդով ավելացել է, որովհետեւ ղազախների գնած ավտոմեքենաների գումարներն են։ Հիմա էդ փողը Ղազախստանն ասում է՝ հետ տվեք՝ մեկ միլիարդ, մեր դեմ արբիտրաժային դատարան է մտել, որովհետեւ ապօրինի ենք վաճառել այդ մեքենաները։ Այս տարի եկամուտների գծով մեր պետբյուջեն կլինի 1.450-1.470 տրիլիոն դրամ՝ Սերժ Սարգսյանի 1.250 տրիլիոն դրամի դիմաց, այսինքն՝ երրորդ, չորրորդ տարին է՝ 100-200 միլիարդով ավելացել է, նախկինում էլ էր ամեն տարի 50-100 միլիարդով ավելանում, ոչինչ որ չանես, մենակ գնաճը 50 միլիարդով ավելացնում է բյուջեն, ամբողջը փչոց է․․․ Փաշինյանն էլ գիտի, որ սուտ է ասում։ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նույնն է՝ 22%։
– Բայց ինչքան էլ քննադատեք, ժողովուրդն այլընտրանք չի տեսնում, հարցնում է՝ Փաշինյանը չլինի, ո՞վ գա։
– Ինչի՝ իմ տեղը, իմ ազգանունը չգիտե՞ն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում