Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ՝ բարձր գներ:
Մոսկվայից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներից մեկը, ով այս օրերին տոմս ձեռք բերելու նպատակով հետևում է ավիաընկերության կողմից կատարվող գնային քաղաքականությանը, «Առաջին լրատվական»-ին տրամադրեց լուսանկարներ՝ արված տարբեր օրերին, որտեղ երևում է, թե ինչպես է ամեն օր Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի արժեքը բարձրանում։
Ըստ այդմ՝ հոկտեմբերի 3-ի համար «Աէրոֆլոտ»-ի բիզնես կարգի տոմսերը կազմում են 61 հազար ռուբլի, որը մոտավոր կազմում է 430 հազար դրամ։ Կոմֆորտ և էկոնոմ կարգի տոմսերը համապատասխան՝ 26 հազար 623 և 11 հազար 853 ռուբլի։ Դրամի վերածած՝ 186 և 82 հազար դրամ։
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի կարծիքով՝ ռուսական ավիաընկերության այս գործելաոճը ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության հետևանքն է։ «Միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ՝ մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու: Այսպիսի դեպքերում ՀՀ ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս վռնդել գիշատչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը: Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- կարծիք է հայտնել Հակոբ Ճաղարյանը։
Կարդացեք նաև
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը նշեց այն երկու պատճառները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին։ Առաջինը՝ ռեալ մրցակցության բացակայությունը, երկրորդը՝ ավիացիոն իշխանությունները չեն պաշտպանում երկրի օդային տարածքը, լինելով անկախ երկիր։
«Այս ամենը հետևանքն է նրան, որ քաղավիացիայի կոմիտեն ու 2013 թվականի վարչապետը բաց երկնքի քաղաքականություն հայտարարեցին, որ ով ուզի, երբ ուզի, կարող է թռնել Հայաստան։ Եթե նայեք վիճակագրությունը՝ հոկտեմբերի 23-ին ընդունեցին օրենքը, հոկտեմբերի 24-ին ռուսական 8 ընկերություն ցանկություն հայտնեց Մոսկվայից Երևան թռնել։ Դուք երկու կարևոր հարց եք բարձրաձայնում՝ գնային քաղաքականությունը և քաղավիացիայի անգործությունը»,- ասաց ոլորտի մասնագետը։
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում