Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է․ ԲՀԿ

Սեպտեմբեր 26,2020 11:01

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի եւ ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է: Իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ եւ ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի եւ սարսափի մթնոլորտ, ինչը վստահաբար չի ստացվելու։ ԲՀԿ-ն իր համախոհ քաղաքական ուժերի հետ միասին շարունակելու է պայքարը հանուն մեր երկրի եւ քաղաքացիների այն խնդիրների լուծման, որի ակնկալիքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ երկուսուկես տարի առաջ փողոցներ էին փակել եւ որոնք լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է երկրում ներքին թշնամիների հարատեւ փնտրտուքով, քաղաքական հաշվեհարդարներով եւ բռնապատեություն հաստատելու փորձերով։

Սիրելի՛ հայրենակիցներ, Գագիկ Ծառուկյանի եւ մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել եւ լռեցնել չի հաջողվելու եւ վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եւ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

ԲՀԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930