Հանրապետությունում շարունակվում է պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացը։ Սկսվել է խաղողի, սմբուկի, պղպեղի և այլ պտուղ-բանջարեղենի մթերումը։ Խաղողի մթերումը շարունակում է ընթանալ լարված պայմաններում։ Խաղողագործները բողոքում են, որ գործարանները չեն ընդունում խաղող, գինը նվազեցրել են՝ ինչպես երբեք։ Նույն իրավիճակն է բանջարեղենի մթերման, իրացման շուկայում։
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Հուշակերտ համայնքի 25 տարվա ղեկավար Սամվել Մխիթարյանի հետ, ով ավելի հիասթափեցնող տվյալներ հայտնեց։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս տարի խաղող մթերող գործարանները պարզապես հրաժարվում են բերքը մթերել։ «Առավոտյան 30 բանվոր տարել եմ այգիներ՝ խաղողը հավաքելու, օրվա կեսը վճարել եմ, բերքը տարել են, մթերող չկա։ Ապրանքը երեկ առավոտ դրել մեքենան ուղարկել եմ, մինչև հիմա կանգնած է։ Չգիտեմ էլ՝ երբ կվերադառնա։ Այսօր էլ բանվորների կեսը գնացել է, ես էլ «մանթրաժ» եկել պառկել եմ, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Ուզում եմ ուղեղս անջատեմ, որ չմտածեմ, թե ինչ է գալու գլխիս»,- նեղսրտած ասաց համայնքի ղեկավարը, ով ևս զբաղվում է խաղողագործությամբ։ Հուշակերտ համայնքում մարդկանց մոտ 30 տոկոսը զբաղվում է խաղողագործությամբ։
Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ չեն մթերում ապրանքը, տնտեսական վատ վիճակի՞, թե՞ այլ խնդիրներ կան, խաղողագործ համայնքապետն ասաց՝ ի՞նչ տնտեսական ծանր վիճակ, երբ պետությունը օգնել է գործարաններին, գումար է տրամադրել։ «Չէ, իրենք մտածում են՝ տեր չկա։ Ես պարոն Փաշինյանին շատ հարգում, շատ ընդունում եմ, ուղղակի պետք է ձեռքը խփի սեղանին, գործարաններում ման գա ու տեսնի՝ ինչ է կատարվում, ինչ են անում ժողովրդի գլխին։ Այսքան բան»,- նշեց Սամվել Մխիթարյանը։
Սամվել Մխիթարյանը նաև խոսեց բանջարեղենի մթերման պրոցեսից։ Նրա խոսքով՝ այս պահին համայնքում, բացի խաղողից, պղպեղի ու սմբուկի մթերման գործընթացն է, որը ևս ձախողված է, գյուղացիները շուկաներում քարշ տալով մի կերպ վաճառում են բերքը, մնացածն էլ բերում թափում են համայնքում գտնվող աղբանոցը։
Կարդացեք նաև
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում