«Այս որոշման կայացումը մեզ համար ակնհայտ կանխատեսելի էր, դրա համար պարոն Ծառուկյանը չներկայացավ, ինքը Ազգային անվտանգության ծառայություն է միանգամից գնացել»,- Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին ասաց նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը:
Նա տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում․«Որոշումն ակնհայտորեն անօրինական էր, որովհետեւ բոլոր այն փաստարկները, որոնք առաջին ատյանի դատարանում ներկայացվեցին, ըստ էության չորս ամիս անցնելուց հետո առանց որևէ վկայակոչելու, խոչընդոտելու որևէ հիմք մատնանշելու՝ քաղաքական գործչին, կուսակցության ղեկավարին միջին ծանրության հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելը եվրոպական արժեքներին համահունչ որոշում չէ»։
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։ Ծառուկյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը։ Այս գործընթացը նա համարում է քաղաքական հաշվեհարդար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ