«Առավոտը» շրջայց կատարեց Կենտրոն վարչական շրջանում
Սիրիայից Հայաստան եկած ու այստեղ բնակություն հաստատած սփյուռքահայ Մայք Բաթուկն ապրում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։ «Առավոտի» հետ զրույցում Մայք Բաթուկն ասում է, որ Երեւանում միայն կենտրոնական փողոցներն են լուսավորվում, երկրորդական փողոցներում գրեթե չկա լուսավորություն:
Տիկին Սաթենիկն էլ նշեց, որ մի շարք շենքերի վերելակները վատ վիճակում են, վտանգավոր իսկ մուտքերը, աստիճաններն ու տանիքներն անբարեկարգ: Մեր զրուցակիցները Կենտրոնի աղբահանությունից չեն դժգոհում, բայց գտնում են, որ նրբանցքներում էլ պետք է նորմալ աղբահանություն ու մաքրություն իրականացվի:
Բնակիչների կարծիքները լսեցինք՝ փոքրիկ շրջայց կատարելով Կենտրոն վարչական շրջանում: Մեզ հետ զրույցում կենտրոնի բնակիչներից՝ Գայանե Մինասյանը եւ այլ բնակիչներ նշեցին, որ երբեւէ չեն տեսել, որ իրենց թաղամաս այցելեն սոցիալական աշխատակիցները՝ ծանոթանալու վարչական շրջանի աղքատ ընտանիքների սոցիալական խնդիրներին, ինչը կարեւոր է: Նրանց խոսքով, հատկապես կորոնավիրուսի այս իրավիճակում այդպիսի ընտանիքների թիվն ավելացել է, որոնք աշխատանք են կորցրել, ՌԴ-ից եկել՝ մնացել են Հայաստանում եւ այսօր ապրուստի միջոց չունեն:
Կարդացեք նաև
Ի պատասխան բնակիչների ներկայացրած խնդիրներին, Կենտրոն վարչական շրջանից «Առավոտին» հայտնեցին, որ վարչական շրջանում գիշերային լուսավորությունն ապահովվում է «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից`համապատասխան գրաֆիկով։
Ինչ վերաբերում է հին ու վտանգավոր վերելակներին, բազմաբնակարան շենքերում 2020 թվականի ծրագրով Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսվում է իրականացնել թվով 67 հին վերելակների՝ նորերով փոխարինման աշխատանքներ, իսկ ընթացիկ նորոգման աշխատանքները իրականացվում են համատիրությունների կողմից. «Այս պահի դրությամբ, նոր վերելակների տեղադրման աշխատանքներ են իրականացվում 10 շենքերում»:
Բնակիչների այն դժգոհություններին, թե բակային հատվածներում աղբահանությունն ու մաքրությունը լավ չի կատարվում, վարչական շրջանի պատասխանատուները նշեցին, որ այդ հատվածների աշխատանքներն իրականացվում են «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից`ըստ սահմանված գրաֆիկի: Այս պահին Կենտրոն վարչական շրջանի թվով 7 բակային տարածքներում՝ Կիլիկա 3-4, Զավարյան 1-2, Արշակունյաց 8, Գրիգոր Լուսավորիչ 3, Նալբանդյան 15, Իսահակյան 38, Այգեստան 9-րդ փողոց ընթանում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ. «2021 թվականին նախատեսվում է իրականացնել թվով 10-14 բակային տարածքների բարեկարգում»։ Վարչական շրջանից նաեւ նշեցին, որ այգիների բարեկարգման մասով էլ Երեւանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Կենտրոն վարչական շրջանի Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում եւ Սարյանի անվան պուրակում:
Անդրադառնալով բնակիչների այն մտահոգություններին, թե սոցիալական աշխատակիցները գրեթե չեն այցելում բնակիչներին, չեն ծանոթանում նրանց խնդիրներին, վարչական շրջանից նշեցին. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժնի աշխատակիցները մշտապես այցելել են սոցիալապես անապահով ընտանիքներին եւ ծանոթ են նրանց խնդիրներին: ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով 16.03.2020թ. հայտարարված արտակարգ դրությունից եւ դրան հաջորդող կարանտինային ռեժիմից ելնելով, բնակիչների կարիքի գնահատումը կատարվում է հեռախոսազրույցի միջոցով, իսկ տնային այցելությունները կատարվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։
Կենտրոնի թաղապետարանից նաեւ հայտնեցին, որ շարունակվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի, թեք եւ հարթ տանիքների նորոգման, հիմնական եւ երկրորդական փողոցների ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման եւ այլ աշխատանքներ: Համայնքային հողերի վրա ապօրինի կառուցված ցանկապատներն էլ՝ ապամոնտաժվել են, ինչի արդյունքում վերականգնվել է բակային տարածքների ամբողջականությունը:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2020