Սեպտեմբերի 23-ին լրացավ 1960-ականների ընդհատակյա հայ ազգային շարժման լեգենդար մասնակից Հայկ Իսկանդարյանի ծննդյան 111-ամյակը:
Ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում 1909թ.-ին: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 1922թ. տեղափոխվել է Բաքու, որտեղ 1926թ. ավարտել է դպրոցը: 1928թ. վերադարձել է Երեւան, ընդունվել ԵՊՀ հիդրոտեխնիկական ֆակուլտետ: 1930թ. տեղափոխվել է Մոսկվայի Կույբիշեւի անվան ռազմաինժեներական ակադեմիա, ավարտել է 1936թ., եւ մինչեւ 1939թ. աշխատել է նախագծող «Վոլգոստրոյ» տրեստում, 1941թ.՝ Մոսկվայի ավիացիոն արդյունաբերության թիվ 25 գործարանում որպես տեղամասի պետ:
1941թ. վերջում ընտանիքի հետ միասին տարհանվել է Երեւան, որտեղից 1942թ. զորակոչվել է բանակ, որպես գումարտակի ինժեներ: Մասնակցել է Կերչի ռազմական գործողություններին, իսկ 1942թ. մայիսի 20-ին՝ Կերչի անկումից հետո, գերեվարվել է ֆաշիստների կողմից: Մինչեւ 1944թ. օգոստոս ամիսը գտնվել է տարբեր նացիստական ճամբարներում, այդ թվում՝ Թեոդոսիայում, Նիկոլաեւում, Խորոլում, Մայնի Ֆրանկֆուրտում: 1944թ. այլ ռազմագերիների հետ միասին տեղափոխվել է Ֆրանսիա, հաջողվել է միանալ ֆրանսիական պարտիզանական ջոկատներին: Սկսելով շարքայինից՝ արդեն մի քանի շաբաթ անց դարձել է վաշտի հրամանատար, որից հետո՝ գումարտակի շտաբի պետ, իսկ Հայրենական պատերազմի ավարտին արդեն զբաղեցրել է գնդի ուսումնական մասով պետի պաշտոնը: Սպաներին դասավանդել է տակտիկա, մաթեմատիկա, ֆիզիկա եւ ԽՄԿԿ պատմություն:
1945թ. վերջին վերադարձել է Երեւան: Բազմաթիվ անգամներ հրավիրվել է պետական անվտանգության մարմիններ եւ հարցաքննվել գերության մեջ գտնվելու մանրամասների վերաբերյալ: ՊԱԿ-ը մի քանի անգամ առաջարկել է նրան համագործակցել, սակայն տարբեր պատճառաբանություններով նա հրաժարվել է: 1946-1947թթ. աշխատել է Երեւանի «Վոյենստրոյ» եւ «Ստրոյսոյուզ» շինտրեստներում: 1947-1951թթ. եղել է ավագ աշխղեկ «Գյումուշ ՀԷԿ» տրեստում, իսկ 1951-1957թթ. աշխատել որպես «Հայհիդրոքաղգյուղշին» տրեստի գլխավոր ինժեներ:
Կարդացեք նաև
1957թ. ՊԱԿ-ի հետ համագործակցելու հերթական առաջարկից հետո Իսկանդարյանը գերադասել է մեկնել Ռուսաստան, որտեղ մինչեւ 1961թ. աշխատել է Բրատսկայա ՀԷԿ-ում՝ որպես տեղամասի պետ: Սակայն վերադարձել է Հայաստան եւ աշխատանքի անցել «Երեւաննախագիծ» ինստիտուտում, որպես հիդրոտեխնիկական խմբի ղեկավար: Հենց այդ ժամանակ էլ սկսվել է Իսկանդարյանի քաղաքական կյանքը: Նախ գործել է ինքնուրույն, ապա համագործակցել «Հանուն Հայրենիքի» քաղաքական կազմակերպության հետ, որը մի քանի համախոհների հետ միասին հիմնել էր իր ընկերը՝ Ասատուր Բաբայանը: Իսկանդարյանը տարիքով ամենամեծն էր խմբում, բայց չնայած տարիքին՝ դառնում է ամենաակտիվ խորհրդատուներից մեկը: Կազմակերպությունը ղեկավարում էր Հովիկ Վասիլյանը, կազմակերպության հիմնական նպատակներն էին՝ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանի հետ, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արեւելյան Հայաստանի հողերը վերադարձնելը, հայերենը որպես ազգային եւ պետական լեզու պահպանելը:
1968թ. Իսկանդարյանը մասնակցել է կազմակերպության միջոցառումների: Ավելին, նա հեղինակել է մի քանի ցասումնալից նամակներ՝ հասցեագրված խորհրդային իշխանություններին, որոնցում նա առաջարկում էր հանրաքվե կազմակերպել Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանի հետ վերամիավորելու հարցի շուրջ: Նաեւ ձեռնարկել է ստորագրահավաք այդ գաղափարի պաշտպանության վերաբերյալ: Անմիջական մասնակցություն է ունեցել «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա ամսագրի, որի խմբագիրն էր Հովիկ Վասիլյանը, կազմման եւ հրատարակման գործին: Նույն թվականին նամակ է հղել գրող Շոլոխովին՝ նրան քննադատելով ազգային խնդիրների լուծման հարցում ունեցած դիրքորոշման համար:
1968թ. հուլիսի 2-ին պետական անվտանգության աշխատակիցներին հաջողվում է բացահայտել կազմակերպությունը: Խմբի ղեկավարները ձերբակալվում են եւ ուղարկվում ՊԱԿ-ի մեկուսարան: Իսկանդարյանին ձերբակալում են 1968թ. սեպտեմբերի 10-ին: Ձերբակալության ընթացքում հայտնաբերվում են բոլոր փաստաթղթերը: Նրան նույնպես մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65 (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն) եւ 67 (մասնակցություն հակախորհրդային կազմակերպություններին) հոդվածներով: 1968թ. դեկտեմբերի 16-ին Իսկանդարյանի հարազատներին կարճատեւ հանդիպման թույլտվություն են տալիս: Հանդիպման ժամանակ նա հայտնում է, որ չի պատրաստվում լռել դատարանում եւ պատրաստվում է բացահայտողական ելույթ հնչեցնել: 1968թ. դեկտեմբերի 27-ին Իսկանդարյանի հարազատներին շտապ հրավիրում են ՊԱԿ: Այնտեղ նրանց հայտնում են, որ մեկ օր առաջ Իսկանդարյանը սրտի կաթվածից մահացել է նախաքննության սենյակում:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2020