Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու չի կարելի նման գրություն ուղարկել լրատվամիջոցին

Սեպտեմբեր 26,2020 13:00

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչից «Առավոտը» ստացել է հետեւյալ գրությունը՝ խնդրագիրը:

Եվ քանի որ «Առավոտի» դատական գործընթացների հետ կապված հաճախ ներգրավվում եմ, որպես ներկայացուցիչ, փորձեցի այլեւս գնալ այլ ճանապարհով, այն է՝ չզանգել քննիչին, կամ լրատվության պատասխանատուին՝ պարզաբանման, գրված-չգրվածի ստուգաբանության համար: Ինչո՞ւ:

Պատճառը մեկն է. թե ինչո՞ւ չի կարելի նման գրություն ուղարկել լրատվամիջոցին, թե ինչո՞ւ հաճախակի են դարձել անհասցե, ընդհանրական բովանդակությամբ նման գրությունները: Լուսանկար-գրությունում կարդում ենք. «…Քրեական գործով նախաքննության անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում եմ հայտնել՝ 2018թ. ապրիլի 16-ին Երեւան քաղաքի Կորյուն եւ Հերացի փողոցների խաչմերուկում, նույն օրը Արարատի մարզի Հովտաշատ եւ Հայանիստ գյուղերի խաչմերուկում, 2018թ. ապրիլի 22-ին Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում, 2018թ. ապրիլի 23-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասի վերջնամասում գտնվող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» հենակետի մոտ Ձեր ընկերության աշխատակիցները գտնվել են, թե ոչ, տեսաձայնագրություններ իրականացրել են, թե ոչ, եթե այո, ապա տրամադրել աշխատակիցների տվյալները եւ տեսաձայնագրությունների բնօրինակները»:

Համաձայնեք, որ առաջին տպավորոււթյունը հետեւյալն է. գուցե ոստիկանության լրատվական բաժին պետք է դիմեր ավագ քննիչը, սխալ գրություն է ուղարկել, պարզ չի, թե «Առավոտը» ի՞նչ կապ ունի: «Առավոտի» անունը չկա: Չկան նաեւ ենթադրյալ հրապարակումների հղումներ, որպեսզի հասկանանք, թե առերեւույթ կապ ունենք:

Եթե նկատեցիք, խոսքը նաեւ երկու տարի առաջ տարբեր օրերին՝ ապրիլի 16-ին, ապրիլի 22-ին եւ ապրիլի 23-ին տարբեր վայրերում կատարված ինչ-որ դեպքերի մասին է: Քանի որ գրությունն ուղարկել է ծանր հանցագործությունների քննության բաժինը, հետեւաբար, խոսքը ծանր հանցագործությունների մասին է: Ինչու է քննիչը երկու տարի հետո միայն դիմել լրատվամիջոցին եւ ոչ՝ իրական հասցեատիրոջը:

Ի՞նչ հիմքով:

Դիցուք, «Առավոտի» աշխատակիցների հիշողությունը լավ է, պարզվի, որ նրանք քայլել են երկու տարի առաջ Արարատի մարզի Հովտաշատ եւ Հայանիստ գյուղերի խաչմերուկով, կամ՝ Նորագավիթով, ինչպես նշված է, ինչու պետք է տրամադրվի «ընկերության աշխատակիցների տվյալները», որ ինչ անեք: Կամ՝ տեսաձայնագրությունների բնօրինակները: Մի՞թե քննիչը չի իմանում իր համար ապացույց, մեզ համար խմբագրության սեփականություն, ստանալու կարգը:

Համաձայնեք, տարօրինակ պահանջ էր: Եվ չեմ զարմանա, որ նման գրություններ ուղարկված լինեն այլ լրատվամիջոցների էլ, առանց հիմնավորման, թե ինչ պարտավորվածությամբ պետք է ապացույցը, տեղեկությունը, որը պաշտպանվում է ԶԼՄ օրենքով, տրամադրվի քննչական բաժնի՝ առանց իրավական հիմնավորման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930