Անկախության տոնի առթիվ Հայաստանում մի շարք երեւելիներ պարգեւատրվեցին հայրենիքի մեդալներով: Ապա հաջորդեցին հանդիսություններ, որոշվեց, թե ովքեր են մեր ժամանակների հերոսները:
Առանձին մշակութային, հասարակական կազմակերպություններ էլ անմասն չմնացին տոնական տրամադրություն հաղորդելուց:
«Համո Սահյան» պոեզիայի կենտրոնը դրանցից մեկն է, եւ որոշել է «Համո Սահյան. Ոսկե մեդալով» պարգեւատրել Մարսելի (Ֆրանսիա) Հայ մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանին:
Վերջինիս Ֆրանսիայի քաղաքական էլիտան, մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները, դեսպանները, հայաստանաբնակները լավ են ճանաչում. նա հաճախակի է լինում Հայաստանում, աչքի է ընկել իր հասարակական, քաղաքական անմնացորդ գործունեությամբ, մի շարք բարեսիրական, կրթական, մշակութային նախաձեռնությունների հեղինակ է:
Հենց այդ գործունեության համար է, որ նա 1997թ.-ին պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով եւ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Կարդացեք նաև
Կարո Հովսեփյանն աշակերտել է Փարիզի Մխիթարյան վարժարանում, ապա Մարսելի գիտությունների համալսարանում։
Նա մաթեմատիկայի պրոֆեսոր է, հայերենի եւ քաղաքակրթության դասախոս, հրապարակախոս:
Եղել է ՀՅԴ «Յառաջ» օրաթերթի աշխատակից եւ խմբագիր: Նա հիմնադիրն է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարիքների համար ստեղծված «Հայաստան» հիմնադրամի, եղել է Մարսելի հայ երիտասարդության մշակութային կենտրոնի նախագահը:
1995թ. եւ 2020թ. Մարսելի քաղաքապետարանի անդամ էր, 1998թ. եւ 2014թ.՝ Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի նախկին քաղաքապետ:
Կ. Հովսեփյանը մշտապես ծառայել է հայ արվեստին եւ մշակույթին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2020