«Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ»,- քիչ առաջ ՍԴ աշխատակարգային նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Նա ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույնը 5 ձայնը չստացավ 9 ձայնից:
Հրայր Թովմասյանն ասաց, որ մեկնաբանություններ չունի, հորդորեց իրադարձությունները դնել իրար կողքի և ինքնուրույն անել եզրակացություններ: Նա հիշեցրեց՝ առավոտյան ասել է, որ որևէ սցենար իր համար անակնկալ չի լինի:
Հարցին՝ ինքնաառաջադրվելո՞ւ եք, ըստ էության Հրայր Թովմասյանը պատասխանեց՝ ոչ: Հարցին՝ այլ թեկնածու առաջադրելո՞ւ եք, նա պատասխանեց. «Տեսնենք: Կլսեմ գործընկերներիս: Այս քննարկումները բավականին եղել են: Ես միշտ երեք գործոն եմ հաշվի առել: Ինքնաառաջադրվելու մասին ոչինչ չեմ ասել»:
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանն ասաց, որ չի մասնակցել ՍԴ նախագահի հարցով քվեարկությանը: Իսկ թե ինչո՞ւ չի մասնակցել, ասաց, որ երեկ այդ մասին բարձրաձայնել է: Դառնալով Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը և նոր սցենարներին՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Որոշ սցենարների դեպքում չեմ բացառում, որ միգուցե կարող եմ կողմ քվեարկել Խունդկարյանին»:
Հրայր Թովմասյանը լրագրողներին տեղեկացրեց՝ ըստ ընթացակարգի՝ ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ոչ շուտ, քան տասը, ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
Հիշեցմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ Հրայր Թովմասյանի կերպարը ձանձրացրել է հանրությանը, և նա ճիշտ կանի՝ հեռանա ու հարցին՝ ինքն այդպիսի տպավորություն ստացե՞լ է, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես քաղաքական գործիչների ասածը չեմ մեկնաբանում, նման իրավաբան չեմ ճանաչում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ