«Ով հիմա պայքարի դրոշ է բարձրացնում Նիկոլ Փաշինյանի դեմ, մենք առնվազն չենք խանգարելու, անգամ եթե անհամաձայնություն լինի: Բայց եթե վեր կենան ասեն «մենք Նիկոլի դեմ ենք, բայց 2018թ.-ին տեղի ունեցածը պետական հեղաշրջում չէր, այլ հեղափոխություն», շատ լավ, իրենք թող գնան իրեն ճանապարհով, մենք էլ՝ մեր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի ութին սպասվող ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի հանրահավաքին:
«Ո՞րն է օրակարգը, տեսլականը: Այդ օրակարգի շուրջ պետք է մենք եւ մյուսները նստեն-բանակցեն, թե չէ «եկեք Նիկոլին հանենք, հետո լավ կլինի»-ն ինֆանտիլ, անպատասխանատու, ես կասեի՝ հիմար մոտեցում է, որի հետեւանքն ավելի վատ է լինելու»,-համոզմունք հայտնեց Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նրա խոսքով՝ անգամ բազմահազարանոց հանրահավաքը չի կարող փաստել պայքարի մասին, որովհետեւ պայքարը գաղափարական, ծրագրային պետք է լինի՝ հանուն ինչ-որ բանի. «Ես օրակարգ չեմ տեսել»: Բանախոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի ցանկացած ընդդիմադիր գործընթաց փողոցներում. «Նա հասկանում է, որ փողոցով եկել է իշխանության, փողոցով էլ հեռացվելու է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ