Մոտ 300 ուսուցիչ թեստ հանձնելուց հետո մեկուսացել է: Այսօր այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Սակայն, ըստ տիկին Պարոնյանի, այնպես չէ, որ վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը պայմանավորված է ուսուցիչների թեսթավորման դրական արդյունքներով: Կորոնավիրուսի թվերն, ըստ Լուսինե Պարոնյանի, աճել են օդակաթիլային վարակների սեզոնի ու սահմանափակումները վերացնելու հետեւանքով. «Չունենք ուսուցիչների մեջ շատ դեպքեր, որպեսզի դա ազդեր ընդհանուր ցուցանիշների վրա: Մեզ մոտ ուսուցիչների դրական դեպքերի հայտնաբերումը 1,5 տոկոսի շրջանում է, սա նշանակում է, որ այդքան տոկոսի հայտնաբերմամբ վարակի տարածումը կանխարգելում ենք: Սակայն, երբ ուսուցիչների թվերը հանում ենք, միեւնույն է՝ ցուցանիշները բարձր են: Տեղի են ունենում մարդաշատ միջոցառումներ՝ հարսանիքներ, հոգեհանգիստ եւ այլն, որոնց դեպքում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները»:
Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում տիկին Պարոնյանը ներկայացրեց ուսուցիչների թեստավորման գործընթացը: Ըստ նրա, սեպտեմբերի 7-ից սկսած՝ իրականացվում են ոչ միայն ուսուցիչների, այլ նաեւ դպրոցական անձնակազմի թեստավորում: Ասաց, որ թեստավորումներն ընթացքի մեջ են, քանի որ մեծ քանակի պատճառով հնարավոր չի եղել 2 շաբաթում բոլորին թեստավորել: Թեստավորումը հոկտեմբերի առաջին տասնօրյակում կավարտվի:
Հարցին՝ եղել են ուսուցիչներ, որոնք կրկնակի թեստ են հանձնել եւ մի դեպքում բացասական, մի դեպքում դրական է եղել, Լուսինե Պարոնյանն ի պատասխան ասաց՝ եթե մի լաբորատորիան տալիս է դրական, մյուսը՝ բացասական, միեւնույն է՝ այդ մարդը վարակակիր է. «Մենք այդպիսի բազմաթիվ դեպքեր ենք ունեցել: Ամբողջ աշխարհում կա էդ խնդիրը, որ մի լաբորատորիան տա դրական, մյուսը՝ բացասական: Դրա վրա բազմաթիվ գործոններ կարող են ազդել՝ սկսած նմուշառման տեխնիկայից: Կամ՝ մարդը կարող է հաց կերած կամ բերանը ողողած լինի եւ նմուշառումը ճիշտ չկատարվի»:
Նա ուսուցիչներին խորհուրդ տվեց գումար չծախսել եւ չդիմել կրկնակի թեստավորման. «Եթե դրական է եղել, իսկ մյուս լաբորատորիայում՝ բացասական, միեւնույն է՝ պետք է 14 օր մեկուսացվեն՝ համաձայն առողջապահության նախարարի հրամանի»:
Կարդացեք նաև
Այն հարցին՝ հնարավոր չէ՞ր ուսուցիչների թեստավորումը կազմակերպել այնպես, որ հերթեր, կուտակումներ չառաջանային, համաճարակաբանության բաժնի պետը պատասխանեց. «Չգիտեմ, որտեղ են առաջանում հերթեր, կուտակումներ, բայց թեստավորումներն իրականացվում են տվյալ դպրոցին կցված պոլիկլինիկաներում եւ այնտեղ կարող են նաեւ ուրիշ հաճախորդներ լինել: Եթե կոնկրետ դեպքեր կան պետք է զգուշացնել»:
Տիկին Պարոնյանից նաեւ հետաքրքրվեցին՝ անիմա՞ստ չէր 6 հազար հոգու մեկուսացնել հյուրանոցներում իսկ հետո՝ 12 հազարին՝ տանը, որոնց վրա զրո դրամ ծախսվեց: Լուսինե Պարոնյանն ասաց, որ չի համարում, որ 6 հազարի մեկուսացումը հյուրանոցներում անիմաստ էր, որովհետեւ հնարավորություն են տվել առողջապահության համակարգին պատրաստվել. «Մենք կարողացանք այդ պահին զսպել վարակի կտրուկ աճը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ