Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորին պատրաստվում են այսօր հեռացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից

Սեպտեմբեր 25,2020 16:05

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում այսօր, ի թիվս բազմաթիվ հարցերի, նախատեսվում է քննարկման դնել նաեւ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին հանձնաժողովի կազմից հեռացնելու հարցը, որը նախաձեռնել է հանձնաժողովում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Պարոն Իոաննիսյանն Aravot.am-ին ասաց, որ Գեւորգ Պետրոսյանն այս նախաձեռնության մասին տեղյակ է, ծանուցվել է։ Իսկ նիստն այսօր տեղի է ունենալու ժամը 17:00-ին։

«Այդ որոշումն իրենց ուսերին թող մնա, ես նիստին չեմ մասնակցելու»,-մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Պետրոսյանն՝ իրեն հանձնաժողովի կազմից հեռացնելու վերաբերյալ։

«Չգիտեմ՝ որոշման հիմքում ինչ փաստ ու ապացույցներ են դնելու, ինչ իրավական նորմերի վրա են կառուցելու իրենց որոշումը, երբ կլինի՝ կարծիք կհայտնեմ»,-ասաց պարոն Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ նշվում է, որ մեկ-երկու անգամ եք նիստերին մասնակցել, պարոն Պետրոսյանը հստակեցրեց՝ մեկ անգամ։

Իսկ թե ինչու չի մասնակցել նիստերին, մեր այս հարցին ի պատասխան Պետրոսյանն ասաց․ «Ես այնտեղ լրջություն չեմ տեսել, դրա համար էլ չեմ մասնակցել։ Իհարկե, չեմ մասնակցել նաեւ որոշակի ժամանակահատված առողջական խնդիրների պատճառով։ Բայց ընդհանուր լրջություն չեմ տեսնում այդ հանձնաժողովի աշխատանքներում։ Թող որոշում կայացնեն, տեսնեմ՝ այդ ինչ նորմատիվ ակտերին են հղում տալիս»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոփոխություն է կատարել 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ էլ, սահմանվել է, որ հանձնաժողովի անդամի կողմից իր լիազորությունները եւ պարտականությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու՝ ներառյալ հանձնաժողովի երեք եւ ավելի նիստերից անհարգելի պատճառներով բացակայելու դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմում է ՀՀ վարչապետին: Հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք եւ ավելի նիստերից եւ այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930