Այսօր ուղիղ եթերում «Մեդիա կենտրոնում» 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն էին քննարկվում, երբ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը:
Արձագանքելով դրան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց. «Ես մանրամասներին չեմ տիրապետում, գիտեի, որ որոշակի ներքին անհամաձայնություն ունի տիկին Աբրահամյանը որոշակի պրոցեսների հետ: Բայց պիտի ասեմ, որ խորհրդարանի ցանկացած խմբակցությունում կլինեն պատգամավորներ, որ մանդատը վայր կդնեն, կլինեն, որ մանդատը վայր չեն դնի, բայց խմբակցությունից դուրս կգան: Դրանից մեծ թեմա, իմ կարծիքով, պետք չի սարքել: Ինձ համար անակնկալ էր,անկեղծ եմ ասում, նոր իմացա ձեր հարցից ու պարոն Մելքումյանն էլ տեղեկացրեց, բայց նորմալ, առողջ պրոցես է, որեւէ խնդիր չկա»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ մանդատը վայր դնելը պարզ է, որ իր բացատրությունն ունի. «Իհարկե, այսօր, երբ մեր քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ այս դատական գործընթացն է գնում, մեր խմբակցության որեւէ անդամ չի կարող անտարբեր լինել ու ես կարծում եմ, որ հստակ պետք է իշխանությունը հասկանա, որ դատական գործընթացները չպետք է քաղաքական շարժառիթներով ու նպատակներով կառավարի: Շատ բաներ իրար հետ համադրվում են, ինչ-որ երեւույթների կիզակետին արագացված գործընթացներ են գնում: Համենայնդեպս, մեր քաղաքական ուժը կանգուն է»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց. «Տիկին Աբրահամյանին մաղթում եմ հաջողություն իր հետագա գործունեության մեջ, որտեղ էլ նա կլինի: Ողջունում եմ նրա սկզբունքային մոտեցումը, եթե պատգամավորը համաձայն չէ թիմի հետ, դա ճիշտ որոշում է մանդատը դնել ու հեռանալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ