«Սեյրան Հունանյան» անունով գրանցված օգտատերը, որը ոստիկանության համազգեստով լուսանկար ունի եւ սոցցանցի անձնական էջում գրել է, որ ոստիկանության աշխատակից է, երեկ սպառնալից մեկնաբանություն է գրել «Ռեֆորմիստների կուսակցության» հայտարարության տակ: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Վահան Բաբայանը: «Հայհոյանք չկա, բայց կա սպառնալիք, որ մեզ վտարելու են մեր երկրից, որովհետեւ մենք մեր խելքը գլուխներս չենք հավաքում: Հայտնում եմ՝ հարգելի ոստիկանություն եւ իրավապահ մարմիններ, եթե ձեր համակարգում աշխատում է այս մարդը, ապա նա ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքը՝ հավաքների ազատության իրավունքը: Նա մեզ սպառնում է, թե ռադ է անելու այս երկրից, որովհետեւ քննադատում ենք գործող իշխանությանը: Նա չարաչար սխալվում է: Եթե նման մեթոդներով եք ուզում ազդել երթերի վրա, դա արդյունք չի տա»,-համոզմունք հայտնեց Վահան Բաբայանը:
«Եթե նա իսկապես հիմա աշխատում է ոստիկանությունում, պահանջում ենք հեռացնել նրան: Մարդը լկտիաբար գրում է, որ մեր ռադ է անելու այս երկրից»,-հավելեց Վահան Բաբայանը:
Նա նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող իրենց ցույցերից հետո տարբեր մարդկանցից սպառնալիքներ են ստացել, սակայն դա իրենց չի կանգնեցնելու:
Ըստ Վահան Բաբայանի՝ առաջին երթերի ժամանակ շատ քաղաքացիներ զարմանում էին, իսկ այսօր՝ միանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Առաջիկայում «Ռեֆորմիստները» երթ են իրականացնելու դեպի ԱԺ, քանի որ, Վահան Բաբայանի բնորոշմամբ, «Իմ քայլը» խմբակցությունը չի արդարացրել ժողովրդի՝ իրեն տրված քվեն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 8-ին սպասվող ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիք»-ի հանրահավաքին սատարելուն, կամ ոչ, Վահան Բաբայանը նշեց. «Ողջունում ենք բոլոր ընդդիմադիրների գործունեությունը: Այնպես չի, որ մեկը կարծում է, թե Նիկոլը պետք է մնա: Ոչ, կոնսենսուս կա՝ Փաշինյանը պետք է հեռանա: Բայց մենք մեր պայքարը շարունակելու ենք մեր օրակարգով, «Ստոպ Նիկոլ» շարժումը մինչեւ նոր տարի պետք է հասնի իր նպատակին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ