Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գումարման ԱԺ-ի մթնոլորտը լարված է, իշխանականները՝ անհանդուրժող. Ամփոփվել են 7-րդ գումարման ԱԺ-ի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները

Սեպտեմբեր 25,2020 14:59

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Մեդիա կենտրոնում» 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները ներկայացնելիս՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ օրենքների քանակն արհեստականորեն ավելացնելու միտում են նկատել, նույն խմբակցության երկու տարբեր պատգամավորներ նույն օրենքում փոփոխություններ են բերել, մինչդեռ կարող են միանալ ու միանգամից փոխել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ որեւէ մեկը չի կարող պարտադրել պատգամավորին միանալ այլ պատգամավորի նախաձեռնությանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ օրենքներ կան, որ գիտեն՝ կառավարությունը դեմ է ու չի ընդունվի, բայց շրջանառության մեջ են դնում, որ ընդդիմության ձայնը լսելի լինի. «Ես հասկացել եմ, որ կան օրենքներ, որ մասնագիտական հենքով չեն գնահատում, պետք է լինի քաղաքական որոշում: Օրենքը լավն է, բայց մենք կարծում ենք, որ այսպես պետք է լինի: Ախպեր ջան, միտքը լավն է, քո փորձագիտական ռեսուրսով օրենքը պետք է բերել համապատասխան տեսքի: Իսկ եթե կա քաղաքական որոշում, որ այդ օրենքը չպետք է անցնի դա պրոբլեմ է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ քաղաքական մշակույթը նախ պետք է զարգացնել: Ըստ նրա, ԱԺ պատգամավորի գործիքակազմը քիչ է, դրա համար կառավարության նախագծերը գերակշռում են: Գորգիսյանն ընդգծեց, որ ԱԺ մեծամասնությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը տապալեց: Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց, որ այդ գործիքն ինքնանպատակ չպետք է օգտագործվի:

Ծրագրի խմբագիր Մարիամ Բարսեղյանը հարցրեց՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում քննիչ հանձնաժողովի հետ կապված բաց կա, ինչո՞ւ ընդդիմությունը չնախաձեռնեց փոխել ու այդ բացը շտկել: Գորգիսյանը պատասխանեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում շատ բաներ բխում են Սահմանադրությունից ու կանոնակարգի խնդիրները լուծելու համար փաթեթ են ուղարկել, բայց առաջարկվել է սպասել սահմանադրական փոփոխություններին: Իսկ որ դրույթները Սահմանադրությունից չեն բխում, շուտով նման նախաձեռնությամբ հանդես կգան ու կառաջարկեն փոխել:

Մարիամ Բարսեղյանը նաեւ էթիկայի հանձնաժողով չստեղծելու հարցին անդրադարձավ: Թե ո՞րն է պատճառը, որ խմբակցությունները մինչ օրս ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ եթե գտնեն, որ էթիկան էապես են խախտել, կդիմեն ԱԺ նախագահին ու կստեղծեն. «Չեն ուզում՝ չեն ստեղծում: Մենք դեմ չենք, որ ստեղծվի, խնդիր չկա: Եթե կա ցանկություն, հիմա այդ գործիքը կա»:

Լուսինե Վասիլյանն ընդգծեց. «Բոլոր ցուցանիշների վերլուծությունը մեզ բերել է այն եզրակացության, որ հատկապես 4-րդ նստաշրջանի ընթացքում ընդդիմության եւ մեծամասնության միջեւ համաձայնությունը նվազել է, հանդուրժողականությունը պակասել է ու ընդհանուր աշխատանքի հնարավորությունները քչացել են»:

Բաբկեն Թունյանն ի պատասխանեց հորդորեց խորհրդարանի քաղաքական մթնոլորտին այդպես վատ գույներով չնայել. «Խորհրդարանում, անկախ սուր ելույթներից, հանձնաժողովներում ու աշխատանքային փուլերում շատ կառուցողական քննարկումներ են գնում, այնպես չի, որ թշնամական մթնոլորտ է ու աշխատանքը կանգնել է: Ինչքան հրապարակային է գործընթացը, այնքան սրացումները տեսնում ենք ինչքան փակ, փոքր, աշխատանքային մթնոլորտ է, այնքան կառուցողական են գործում»:

Մելքումյանի կարծիքով խորհրդարանն արտահայտում է դրսում եղած հակասությունները, բայց քաղաքական պայքարը մի կողմ՝ մարդկային հարաբերությունները պետք է կարողանալ պահպանել:

Իսկ Գորգիսյանը հավելեց, որ իրականում իսկապես ԱԺ ներսում լարված մթնոլորտ է, բայց դա ունի իր պատճառները. «Առաջին պատճառը քաղաքական մեծամասնության քաղաքական փորձի բացակայությունն է: Քիչ պատգամավորներ են, որ քաղաքական փորձ ունեն ու սա է պատճառը, որ քաղաքական մակարդակից, լուծումներ գտնելու մակարդակից իջնում են անձնական վիրավորանքների մակարդակ: Օրինակ, մեր բերած նախաձեռնությունը դիտարկվեց որպես տեռորիստական ակտ՝ ուղղված վարչապետի դեմ: Կարեւոր է մեծ լինել, մեծահոգի, շատ հաճախ այդպես չի լինում: Մի հոգի ելույթ է ունենում ընդդիմությունից, 6 հոգի՝ մեծամասնությունից ու դա բնավ չի նպաստում քաղաքական մթնոլորտի ձեւավորմանը»: Ըստ Գորգիսյանի, եթե «Իմ քայլը» խմբակցությունը, ով իրենց դեմ ելույթ է ունենում, դիտարկում են՝ որպես պետության դավաճան այդտեղ չի կարող կառուցողական մթնոլորտ լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930