Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող տալ այն պաշտոնատար անձի անունը, ով միջամտել է այս ամենին». Երեմ Սարգսյան

Սեպտեմբեր 25,2020 13:10

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դեռևս որոշում չի կայացվել: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Որոշումը կհրապարակվի 13:30-ին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, դատարանն այսօր կրկին քննարկում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը:

«Մենք ստացել ենք տեղեկություններ, որ պաշտոնատար անձանց միջամտությունների արդյունքում դատական համակարգում որոշում է կայացվել, որ Վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս մերժվեն և այդ մերժումները համապատասխանեն Կենտրոնի նստավայրի հերթապահ ժամկետին, որպեսզի հատուկ մակագրվի դատավոր Մնացական Մարտիրոսյանին»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ տեղեկությունը հետագայում հաստատվեց օբյեկտիվ տվյալներով, այնպիսի բաներ տեղի ունեցան, որ ուրիշ գործերով տեղի չեն ունենում:

«Բողոքը Վճռաբեկ դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 7-ին և մերժվել է սեպտեմբերի 10-ին՝ այն դեպքում, երբ 8 հատորանոց գործ է: Բողոքը հետ են ուղարկել պաշտպանին՝ շտկելու և հետ ուղարկելու համար, ընդ որում տվել են ընդամենը 2 օր, երբ այլ դեպքերում տրվում է 5, 10 օր: Վճռաբեկ դատարանի աշխատողներին հանձնարարություն է եղել, որ անձամբ գնան փոստային ծառայություն և ստանան պաշտպանի կողմից՝ ստանալու ծանուցումը, որպեսզի հանկարծ ժամկետը բաց չթողնեն և կարողանան հենց Մնացական Մարտիրոսյանին մակագրել: Այսինքն, բան ու գործ չունեն անելու, ջանասիրաբար գնում են փոստերից թղթեր են վերցնում: Ամսի 10-ին բողոքը մերժեցին, բայց գործը չուղարկեցին, այն մնաց Վճռաբեկում մինչև ամսի 17, որպեսզի հանկարծ փոստի պատճառով չուշանա: Բերեցին ամսի 17-ին առձեռն հանձնեցին Կենտրոնի նստավայր»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանի գնահատմամբ ԱԱԾ-ի ֆունկցիոնալ պարտականությունը երևի լավ չեն պատկերացնում. «Ի՞նչ է նշանակում ազգային անվտանգություն, ի՞նչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտ, ի՞նչ է նշանակում օպեր-լիազոր, մարդիկ ընկնում ծանուցում են տանում բերում: Նախապես որոշված սցենար կա»:

Պաշտպանը հիշեցրեց, որ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին, որում խնդրել են պարզել, այդ ո՞վ է այդ անհանգիստ աշխատակիցը, որ անընդհատ զանգահարում, հետաքրքրվում է, գնում է փոստային բաժանմունքից առձեռն հետադարձ ծանուցում է վերցնում, քանի՞ այլ գործով է գնացել ու վերցրել:

Երեմ Սարգսյանը նկատում է, որ Եվրոպական դատարանն էլ է պնդում, որ նման դեպքերում, երբ քաղաքական տարրն առկա է, չպիտի այլ գործերի հետ համեմատության մեջ խտրականություն կիրառվի: Իսկ այս դեպքում 2 օր է տրվել շտկումների համար, մինչդեռ այլ դեպքերում մինչև 25 օր է տրվում:

«Մենք արդեն հայտարարություն տարածել ենք, որ պատշաճ ծանուցում չի եղել: Եթե դատավորը գիտի, որ չի կարողանալու ծանուցել ինչո՞ւ էր 23-ին նշանակում: Որովհետև պետք է արագ լինի, հանրահավաք է նախանշված, Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում կուսակցական ակտիվի հետ:

Ես չեմ կարող տալ այն պաշտոնատար անձի անունը, ով միջամտել է այս ամենին: Մենք բավականին խորը տեղեկություններ ունենք, որոնց անունները ՀՔԾ-ն կարող է պարզել, եթե օբյեկտիվ քննություն լինի»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930