Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, ուստի նրան զենք են մատակարարում անվճար․ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում

Սեպտեմբեր 25,2020 12:50

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ընդհանուր դեբատների ժամանակ իր ելույթի մեծ մասը հերթական անգամ «նվիրել է» Հայաստանին։ Մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական մշակութային ժառանգությունը բուն Հայաստանի Հանրապետության տարածքում ոչնչացնելու և թալանելու մեջ՝ Ալիևը հայտարարել է, թե «օկուպացված ադրբեջանական տարածքներում» էլ Հայաստանը պղծում ու վերացնում է Ադրբեջանի կրոնական և պատմական հուշարձանները։

«Նրանց նպատակը ադրբեջանցիների բոլոր հետքերը մաքրելն է։ Հայաստանը նաև ապօրինի շահագործում է օկուպացված տարածքների բնական ռեսուրսները և օգտագործում է ջրային պաշարները արհեստական բնապահպանական ճգնաժամ ստեղծելու նպատակով։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ոսկի և այլ թանկարժեք մետաղներ արդյունահանող Հայաստանը արտահանում է դրանք միջազգային շուկաներ։ Դա կեղտոտ փողերի լվացման սխեմա է»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը սպառնացել է բոլոր այն կազմակերպություններին, որոնք անօրինական շահագործում են «Ադրբեջանի տարածքները», թե վերջիններս իրավաբանական պատասխանատվության են ենթարկվելու։

«Ադրբեջանն արդեն սկսել է իրավաբանական քայլեր ձեռնարկել մեր բնական պաշարներն ապօրինի շահագործող անձանց և ընկերությունների դեմ»,- հայտարարել է Ալիևը։

Անդրադառնալով Ղարաբաղը բնակեցնելու թեմային՝ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանին մեղադրել է միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ և լիբանանահայերին «Ադրբեջանի տարածքներում բնակեցնելու» համար։

Ալիևը խոսել է նաև հուլիսյան դեպքերից․ «2020թ․ հուլիսի 12-ին Հայաստանը հերթական անգամ սադրանքի դիմեց պետական սահմանի ուղղությամբ, որի հետևանքով Թովուզի շրջանում զոհվեցին մեր զինվորականներն ու 76-ամյա խաղաղ մի բնակիչ։ Սադրանքի նպատակը տարածաշրջանում լարվածության նոր աղբյուր ստեղծելն է, այդ հակամարտությանը երրորդ պետություններին ներգրավելը և Ադրբեջանի ռազմավարական ենթակառուցվածքներին վնաս հասցնելը։ Սակայն մեր պատասխանը վճռական էր, Հայաստանը չկարողացավ հասնել իր նպատակին և հերթական անգամ ռազմական պարտություն կրեց։ Դիմելով ՀԱՊԿ-ին՝ Հայաստանն ընդունեց իր պարտությունը»։

Ալիևը հիշել է տարիներ առաջ ձերբակալված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին և Հայաստանին մեղադրել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումից հրաժարվելու մեջ՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմի տարածքում է գտնվում 2020թ օգոստոսի 23-ին գերեվարված հայ զինծառայող։

Իլհամ Ալիևը պետություններին կոչ է արել չզինել Հայաստանին։ «Մենք լրջորեն մտահոգված ենք Հայաստանին զենքի մատակարարումների պատճառով։ Մենք ականատես ենք եղել ռազմական բեռնատար օդանավերով Հայաստանին ավելի քան 1000 տոննա ռազմական սարքավորումներ մատակարարելուն։ Հաշվի առնելով, որ Հայաստանը աշխարհի ամենաաղքատ երկրներից է, ապա կարելի է գալ այն եզրակացության, որ նրան զենք են մատակարարում անվճար։ Օկուպանտ երկրին զենք մատակարարելը լրջորեն սասանում է խաղաղ բանակցությունների գործընթացը։ Այդ պատճառով մենք բոլոր երկրներին կոչ ենք անում դադարեցնել Հայաստանին զենքի մատակարարումները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930