Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հիմա պետք է լինել առավել ազնիվ։ Կա՞ Ռուսաստանից բացի այլ երկիր, որն օգնում է մեր ռազմական անվտանգությանը». Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 25,2020 12:45

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, տարածաշրջանային միությունների ձեւավորումը մոտ ապագայում անխուսափելի է լինելու։ Հայերի եւ հայոց պետականության առջեւ վաղ թե ուշ հարց է ծագելու՝ ո՞ւր գնալ, ո՞ր ուղղությամբ։ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանին առաջարկելու են Ղարաբաղի հետ միասին տեղ գտնել ռուսական նոր միության կազմում։ Իսկ թե ինչպիսին է լինելու աշխարհն առաջիկայում, իր կանխատեսումներն ու վերլուծությունները մեր զրույցում ներկայացրեց պարոն Բագրատյանը։

– Եվրամիությունն ուժեղացնելու է իր դիրքերը, կամաց-կամաց ազգային օրենսդրությունը փոքրացնելով՝ փորձելու է դարձնել մի պետություն, որտեղ, այնուամենայնիվ, առավելություն կունենան Ֆրանսիան եւ հատկապես Գերմանիան՝ ի հակակշիռ Ռուսաստանի, մի քիչ էլ՝ Թրամփի։
Ես հնարավոր եմ համարում նաեւ անգլոսաքսոնական միություն, որտեղ կմտնի 5 պետություն՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Կանադան։ Չինաստանը կփորձի միություն ստեղծել Պակիստանի, Լաոսի, Կամբոջայի հետ։ Ավելի ուշ դրան հնարավոր է միանան Թայվանը (պարզապես կհաստատվի Չինաստանի սուվերենիտետը կղզու նկատմամբ), Մոնղոլիան, Վիետնամը եւ Ֆիլիպինները։ Չգիտեմ, թե ինչ կանի Հնդկաստանը։ Հարավային Ամերիկայում ռեգիոնալ առաջատարի հայտ է ներկայացնում Բրազիլիան։ Աֆրիկայում Գվինեական ծոցի ափի 8 երկիր արդեն ստեղծել է արժութային եւ տնտեսական միություն։ Բաց է մնում 2 միության հարց՝ արաբական եւ թյուրքական։ Թուրքիան հավակնում է դառնալ պանթուրքական միության առաջատարը. Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա։ Այս միության կայացումը դժվար է. Հարավային Կովկասում այն բախվում է ՌԴ-ի եւ Իրանի հետ, իսկ Միջին Ասիայում՝ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ։

– Հիմա ինչպիսի՞ն պետք է լինի մեր պահվածքը։

– Մենք առանձնապես չպիտի մեզ ճղենք, այսօր Հայաստանն ինքնին կա որպես ռուսական տարածք, որովհետեւ ռազմաքաղաքական դաշինք միայն ռուսների հետ ունենք, ուրիշ որեւէ երկիր՝ ԱՄՆ-ն, կամ ՆԱՏՕ-ն մեզ հետ ռազմաքաղաքական դաշինք չեն ուզում ստեղծել, եւ մենք պետք է կատարենք ռազմաքաղաքական դաշինքից բխող բոլոր կետերը։ Եվ եթե շանս լինի՝ որպես ինքնուրույն միավոր, Աբխազիային, Հարավային Օսեթիային, Մերձդնեստրին զուգահեռ Ղարաբաղն էլ մտցնել Հայաստանի հետ միասին, երկու ձեռքով կողմ պետք է լինենք։

– Նիկոլ Փաշինյանը վարում է ակնհայտ հակառուսական քաղաքականություն, ասում են՝ արեւմտյան, սորոսական ուժերի ազդեցության տակ է։ Նա երբեք չի համաձայնի Ձեր ասած տարբերակին, մինչեւ վերջ կպայքարի դրա դեմ․ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ զարգացումները։ Իշխանափոխությունից հետո՞։

– Ոնց եմ ես պատկերացնում․ նախ, դա հարվածում է մեր ռազմաքաղաքական դաշինքին։ Տեսեք․ Տավուշում հուլիսյան պատերազմը՝ երկու օր կրակեցին, արկերը վերջացան, ինքնաթիռով մարդիկ արկ հասցրեցին։

– Ռուսնե՞րը։

– Այո, ընդ որում՝ Վրաստանը չէր թողնում իր տարածքով անցնեին ռազմական օդանավերը։ Իսկ ինչպե՞ս իրեն պահեց ԱՄՆ-ն՝ ո՛չ դատապարտեց, ո՛չ այլ կոշտ հայտարարություն եղավ, ընդամենն ասաց՝ հանգիստ մնացեք, ռուսները հայտարարություն չարեցին, փոխարենը բերեցին զենք տվեցին, որ՝ հայեր, հանկարծ զենքի-զինամթերքի պատճառով չպարտվեք։
Փաշինյանի պահվածքը հիմա գեղական կրուտիտ է՝ Ռուսաստանի զենքը կօգտագործեմ անվտանգությանս համար, Արեւմուտքի իդեոլոգիան էլ կօգտագործեմ իմ իշխանությունն ամրապնդելու համար։ Սա չի լինելու։

– Այդ լողացող տարբերակին ո՛չ ռուսները կհամաձայնեն, ո՛չ Արեւմուտքը։

– Այո։ Հիմա պետք է լինել առավել ազնիվ։ Կա՞ Ռուսաստանից բացի այլ երկիր, որն օգնում է մեր ռազմական անվտանգությանը, կա՞ զենք, որը մենք օգտագործում ենք, բացի Ռուսաստանինը։ Մի քիչ Չինաստանի զենքն ենք օգտագործում։ Ու վերջ։

– Այսինքն, Դուք բացառում եք, որ եթե մենք վերջնականապես կտրենք մեր կապերը Ռուսաստանի հետ եւ դուրս գանք այդ ազդեցության գոտուց, մեզ որեւէ այլ երկիր ռազմական օգնություն ցույց կտա։

– Այո, ես դա բացառում եմ, նույնիսկ Վրաստանին չեն ուզում օգնել, ԱՄՆ-ն ասում է՝ ափսոս էր այն երկու միլիարդը, որ տվեցի։ Տեսա՞ք՝ Ուկրաինայի պես պետությանը կոպեկ չտվեցին ու լարեցին Ռուսաստանի դեմ։ Սա է իրավիճակը։ Ավելի խելոք բան գիտեք՝ ասեք։ Ընդ որում, ես չեմ ասում՝ գնանք ռուսներին ասենք, որ ես էլ եմ ուզում միության անդամ լինել, ոչ, իրենք մեզ այդ հարցով կդիմեն։ Առայժմ չեն դիմում, որովհետեւ մենք ռուսների համար նույնիսկ պրոբլեմատիկ ենք։ Ռուսները լավ գիտեն՝ որ պահին իրենք մեզ դիմեն, ասելու ենք՝ բա Ղարաբաղը, Ղարաբաղն էլ հետս է։

Ես ավելի քան իրատեսական եմ համարում, որ Ղարաբաղը՝ կից տարածքներով, հայերով էլ կմնա, եւ ակտիվորեն կբնակեցնեն, եւ Բեյրութից, այլ տեղերից եկած սիրիահայերին էլ պետք է տանել, այնտեղ բնակեցնել։ Ես նաեւ չեմ բացառում, որ խոսակցություն լինի Նախիջեւանի մասով։ Ղարսի ու Մոսկվայի պայմանագրերի ժամկետը լրանում է։ Դրա համար է, որ Թուրքիան, խախտելով պայմանագիրը, համարյա մեկ դիվիզիա է տեղադրել Նախիջեւանի տարածքում։ Այսինքն, Նախիջեւանն Ադրբեջանինը չէ, Թուրքիայինն է։ Իսկ Թուրքիան դա արեց նրա համար, որ Հայաստանի հետ հնարավոր պատերազմի ժամանակ երկու ուղղությամբ հարձակվի, մեկը՝ արեւմտյան սահմանով, մյուսը՝ հարավից՝ Նախիջեւանի ուղղությամբ դեպի Երասխ, Արարատ եւ այլն։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930