Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի գործողությունների իրավաչափությունը չեմ ընդունել». Արևիկ Պետրոսյան

Սեպտեմբեր 25,2020 12:40

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը խնդիր չի տեսնում, որ ՍԴ նախագահի ընտրությունը մի քանի օր է՝ շարունակվում է, և մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում: ՍԴ աշխատակարգային նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ նման նախադեպ հիշո՞ւմ է, որ այսքան երկար տևեր հարցի քննարկումը, ՍԴ դատավորը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն կա, պետք է անպայման քննարկումներ լինեն, հակառակ դեպքում կարող է հնչել հակառակ կարծիքը, որ մոտեցումները եղել են սուբյեկտիվ, կամ կտրուկ: Եթե քննարկումները բազմակողմանի են, դրանք օբյեկտիվ են, դրանք խնդիրը լուծելուն են միտված: Դրանք պետք է նորմալ ընդունել»:

Արևիկ Պետրոսյանը նկատեց՝ եթե դա տևեր հինգ, տասը րոպե, դրանից հետո պետք է հարցեր հնչեին, թե ինչու է այդպես եղել. «Յուրաքանչյուր դատավոր պետք է ունենա իր ներքին համոզմունքները և դիրքորոշումները և որոշումներ կայացնի: Սա քաղաքական մարմին չէ, որ մենք մտածենք՝ այստեղ բազմաբևեռություն կա՞, թե՞ ոչ, պիտի լինի՞, թե՞ ոչ. «Պետք է բացառվեն նման երևույթները, միանշանակ, քանի որ դա հակասահմանադրական, հակաօրինական իրավիճակ կհանդիսանա: Քաղաքական ցանկացած մարմնում կարող են տարբեր քաղաքական հոսանքներ լինել, բայց ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, դա ուղղակի անթույլատրելի է»:

Լրագրողները հիշեցրին՝ ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ՍԴ դատավորի ընտրության հարցում կա իշխանության հետ պայմանավորվածություն, Արևիկ Պետրոսյանն արձագանքեց. «Ես քննարկումներին մասնակցել եմ, պատրաստել եմ հարցեր, այսօրվա քննարկումը կսկսի իմ հարցերից: Կլսեմ թեկնածուի պատասխանները, նրա ելույթը, ամփոփումներ կկատարեմ և իմ ընտրությունը կիրականացնեմ»:

Հարցին՝ խնդիր չէ՞, որ միայն մեկ թեկնածու է առաջադրվել, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց. «Կարող է ընդհանրապես թեկնածու չլիներ, կարող էին շատերը լինել»:

Հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է այսօր ևս ինքնաառաջադրումներ լինեն, նա պարզաբանեց. «Մանրամասնորեն այդ հարցը կարգավորված չէ, բայց եթե լինեն առաջադրումներ, խիստ բացառող հանգամանքներ էլ չեմ տեսնում, բայց տրամաբանություն չեմ տեսնում»:

Հարցին՝ այս ընտրությամբ հանգուցալուծվո՞ւմ է ՍԴ խնդիրը, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց. «Իմ պատկերացմամբ խնդիրների շրջանակը ոչ միայն ՍԴ նախագահով և փոխնախագահով է պայմանավորված, այլ դրանք խնդիրներ են, որոնք արդեն հնչեցրել եմ»:

Խոսելով ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Աշոտ Խաչատրյանի մասին՝ նա ասաց. «Աշոտ Խաչատրյանի գործողությունների իրավաչափությունը չեմ ընդունել: Նա պարտավոր էր հունիսի 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի իրականացրել գրեթե մեկ ամիս շարունակ, որի պատճառով էլ առաջացել են խնդիրները: Որևէ հոդաբաշխ պատասխան չեմ լսել, թե ինչու նա չպետք է կատարեր այդ գործողություները, որ հետո մենք չփորձեինք տարբեր լուծումներ փնտրել այդ իրավիճակը հաղթահարելու համար: Խնդիրները կապված են եղել ՍԴ-ի բնականոն գործունեությունը ապահովելու հետ: Դա վերաբերվում էր և՛ նիստեր հրավիրելուն, և՛ արձակուրդում գտնվող դատավորներին հետ կանչելու, որ նիստերի իրավազորության հետ կապված խնդիրներ չառաջանան: Հարցերը վերաբերում էին ՍԴ դիմող սուբյեկտների իրավունքների խախտմանն ու արգելափակմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930