Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն չի կաշկանդվի, եթե անգամ Ծառուկյանը կալանավորվի. Վահե Էնֆիաջյան

Սեպտեմբեր 25,2020 12:18

«Մենք պատրաստ ենք տարբեր զարգացումների, սա չի նշանակում, որ մեր պայքարը դադարելու է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, այսօր կրկին քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը:

Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենց պայքարում օգտագործելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները, ցանկացած որոշման դեպքում, անգամ եթե պարոն Ծառուկյանը կալանավորվի. «Մենք պետք է արձանագրենք, որ հանրահավաքների տենդենցը գնում է դեպի մեծացում՝ մարդկանց հոսքն ավելանում է»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քրեական հետապնդմանը՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այս գործով 100-ից ավելի մարդ է հարցաքննվել. «Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չունեն լայն տարածում, բայց իրենց տարածքներում բնակչության մոտ հեղինակություն են վայելում: Բոլորին կանչում են հարցաքննության և բաց են թողնում, որովհետև ոչ մի խնդիր չկա: Ոչ մեկը չի խուսափում հարցաքննությունից: Հայաստանում չեղած տեղը 100-ից ավելի մարդ են կանչել հարցաքննության: Իմ անձնական տեսակետով, եթե ինչ-որ մեկը հակաօրինական գործունեություն է ծավալել՝ բնականաբար պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Լրագրողների դիտարկումներին ի պատասխան՝ Վահե Էնֆիաջյանը հորդորեց իշխանությանը հարցնել, թե ԲՀԿ-ն ինչով է նրանց խանգարում. «Հունիսի 5-ի քաղաքական խորհրդի նիստից հետո սկսեցին հնչել հայտարարություններ և սկսեցին հետապնդումները: Սա քաղաքական ենթատեքստ ունի, իրականությունը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալու»:

Վահե Էնֆիաջյանը նաև հավաստիացրեց, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության հրավիրած հանրահավաքը կայանալու է և ԲՀԿ-ի մոտ օրակարգային փոփոխություն չի եղել: «Հայրենիք և Դաշնակցություն կուսակցությունների հետ մեզ կապում է ստեղծված իրավիճակի դեմ միասին պայքարելը, խնդիրների լուծման ուղիները, կադրերի հարցում իշխանության ձախողումը: Չի կարող նախարարի կամ պատգամավորի կենսագրությունը 3 տող լինել: Պարտադիր չէ, որ անփորձին փոխարինի կաշառակերը»,- ասաց Վահե Էնֆիաջյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ կա կարծիք՝ լավ է անփորձները կառավարեն, քան կաշառակերները:

Մամուլում տեղեկություններ եղան, որ ԲՀԿ-ական պատգամավորների, մասնավորաբար՝ Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ նույնպես քրեական գործեր են հարուցվելու: ԱԺ փոխխոսնակը հավաստիացնում է, որ որևէ հետապնդում իրենց չի կաշկանդելու:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի՝ Եռյակի հանրահավաքին մասնակցելուն, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ՀՀԿ-ի հետ հանրահավաք անելու հարց չեն քննարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930