Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն խթանում է Հայաստանում կանաչ եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը

Սեպտեմբեր 25,2020 12:12

Էներգախնայողությունը և վերականգնվող էներգիան համեմատաբար նոր հասկացություններ են Հայաստանում։ Մի քանի տարի առաջ հայերը թերահավատորեն էին վերաբերվում կանաչ տեխնոլոգիաների ինչպես ֆինանսական, այնպես էլ էկոլոգիական առավելություններին։ Այժմ դժվար է գտնել հայկական գյուղ՝ առնվազն առանց արևային ջրատաքացուցիչների։

Վերջին տարիներին, «Կանաչ աճի» հիմնադրամը (GGF) և Եվրամիությունը (ԵՄ) ակտիվորեն նպաստում էին Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի զարգացմանը և տարածմանը։ GGF-ը ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող  մասնագիտացված հիմնադրամ է, որը առաջ է մղում էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիան ԵՄ հարևան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Բացի այդ, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծեր աջակցում են երկրին՝ ընդլայնելով էներգախնայողության և անվտանգության իր կարողությունները։

GGF-ը տրամադրում է հատուկ ֆինանսավորում բիզնեսներին և տնային տնտեսություններին՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ (բանկեր, վարկային կազմակերպություններ, լիզինգային ընկերություններ), որոնք ապահովում են իրենց հաճախորդների հետագա վարկավորումը։ 2012 թվականից սկսած հիմնադրամի հետ համագործակցում են 4 հայկական ֆինանսական հաստատություններ։ GGF-ը այս ընկերություններին տրամադրել է նաև տեխնիկական աջակցություն՝ կարողությունների զարգացման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, վարկային արտադրանքների նախագծման և տեղական շուկայում դրանց խթանման համար։

Կանաչ լիզինգ

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը GGF-ի 4 գործընկեր կազմակերպություններից է։ Դեռ 2014 թվականին, երբ կանաչ տեխնոլոգիաները տարածված չէին Հայաստանում, լիզինգային կազմակերպությունը GGF-ի օգնությամբ մշակեց իր «Կանաչ լիզինգ» արտադրանքը։ Այն իրազեկում կատարեց էներգախնայող տեխնոլոգիաների վերաբերյալ և իր հաճախորդների համար իրականացրեց հաշվարկներ՝ ցույց տալու համար, թե որքան էներգիա և գումար են խնայում շրջակա միջավայրը պահպանելիս։ Մինչ այժմ ԱԳԲԱ Լիզինգը նպաստել է 40 բիզնեսի կանաչ դառնալուն։

 

Վահագն Շմավոնյան

«Մենք առաջին ֆինանսական կազմակերպություններից մեկն ենք Հայաստանում, որը ներդրում է կատարել էներգիայի արդյունավետության և վերականգնվող էներգիայի մեջ»,- ասում է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի Մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։ «Մեր հաճախորդները ուրախ են, քանի որ էներգախնայող տեխնոլոգիաներն ի թիվս այլի ազդում են նաև նրանց ֆինանսական հոսքերի վրա։ Էներգախնայողությունից իրենց խնայած գումարները ծածկում են նրանց տոկոսավճարները, իսկ լիզինգը վճարելուց հետո նրանք ունենում են համապատասխան տեխնիկա և խնայում են ռեսուրսներ»։

«Սկզբում դժվար էր հաճախորդներին կանաչ տեխնոլոգիաներ ներկայացնելը, քանի որ նրանք թերահավատորեն էին տրամադրված։ Բայց տեսնելով հարևանների և բարեկամների հաջողության պատմությունները՝ նրանք ցանկանում էին փորձել»,- հավելում է Վահագնը։

Ավելի կանաչ ապակու արտադրություն

PROFAL-ը հայկական կազմակերպություն է, որ մասնագիտացած է ալյումինե և մետաղապլաստե դռների և էներգախնայող պատուհանների արտադրության մեջ։ Ունենալով ավելի քան 300 աշխատակից՝ այն ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկն է։ Կազմակերպությունը նաև պատրաստում է լամինացված ապակի՝ ապակե կոնստրուկցիաների համար։

Երբ PROFAL-ը նոր էր սկսում այն արտադրել, ստիպված էր ապակին ներկրել արտասահմանից, ինչը և՛ գումար էր պահանջում, և՛ ժամանակ։ Կազմակերպությանը լամինացված ապակի ստանալու համար հատուկ սարքավորում էր անհրաժեշտ։ 2015 թվականին PROFAL-ը դիմեց «Կանաչ լիզինգին» և ստացավ մոտավորապես 113,000 եվրո։ Կազմակերպությունը գնեց ավտոկլավ, ինչը նրան հնարավորություն տվեց լամինացնել ապակին և այն վաճառել 15–20%-ով  էժան գնով և ավելացնել ապակու վաճառքը 100%-ով:

Էդգար Ավետիսյան

 

Այժմ կազմակերպությունը կարող է իր հաճախորդներին մատակարարել ավելի լավ էներգաարդյունավետ ապակիներ՝ իջեցված գներով՝ միևնույն ժամանակ նվազեցնելով թափոնները։

«Որպես պատասխանատու բիզնես՝ մենք կարևորում ենք էկոարդյունավետ սարքավորումների օգտագործումը, որոնք ոչ միայն նպաստում են արտադրության զարգացմանը,  այլև նվազեցնում են արտանետումները, ինչպես նաև անվտանգ են շրջակա միջավայրի համար»,- նշում է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

Ապակու արտադրման արտադրամասի պետ Էրիկ Կիրակոսյանը հավելում է․ «PROFAL-ի նման կազմակերպությունը պարտավորված է իր հաճախորդներին ապահովել լավագույն որակի արտադրանքով՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու»։

Էրիկ Կիրակոսյան

ԵՄ-ն ակտիվորեն նպաստում է տարածաշրջանում փոքր բիզնեսի համար  էներգախնայողության և զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը GGF-ի միջոցով ԵՄ-ից ստացել է ավելի քան 41  միլիոն եվրո՝ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման համար։ Հետևելով PROFAL-ի օրինակին՝ այլ ձեռնարկություններ նույնպես օգտվել են ԵՄ աջակցությունից և անցել են ավելի կայուն և մատչելի էներգետիկ ռեսուրսներին։

Ամի Չիչակյան

Այս հոդվածը մշակվել է Եվրամիության աջակցությամբ՝ EU4Energy նախաձեռնության շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվությունը կրում է միայն հեղինակը և այն որևէ կերպ չի արտացոլում Եվրամիության տեսակետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930