Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 8-ին, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Հայրենիքը» կհրապարակեն գործողությունների ճանապարհային քարտեզը. Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 25,2020 11:21

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը  որեւէ իրավական հենարան չունի, այն իրականացվում է բացառապես իշխանության ցանկությամբ: Արծվիկ Մինասյանն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ էր, եկել էր աջակցելու ԲՀԿ առաջնորդին:

Այսօր, հիշեցնենք, քննարկվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը:

«Որեւէ մեկի մտքով չանցնի, թե մենք արդարադատությանը դեմ ենք, բայց արդարադատությունը պետք է անցնի իսկապես իրավունքի գերակայության եւ օրենքի առաջնորդության սկզբունքներով, բայց ոչ թե՝ ըստ ցանկության, ըստ իրավիճակի, առավել ևս, որ չկան դրա համար այն բոլոր համակարգային հիմքերը, որոնք թույլ են տալիս նման պահանջով իրավապահ մարմիններին գործել»: Նա գտնում է, որ այս գործին պետք է համակարգային մոտեցում, որը չկա:

Արծվիկ Մինասյանը հարցադրում է հնչեցնում՝ եթե 2018-ի դեկտեմբերյան ընտրությունները եղել են առանց ընտրակաշառքի, թեեւ առանձին վերապահումներ ունի, եւ կտրվել է այդ հանցագործության հիմքը, ապա ինչո՞ւ է դրան անդրադարձ կատարվում, կամ ինչո՞ւ է 2017-ի մի դրվագին անդրադարձ կատարվում, քանի որ ՀՀ երրորդ հանրապետության ձեւավորման չորրորդ տարվանից սկսած, ըստ նրա, այս խնդիրը եղել է: Ըստ նրա, այդ գործընթացում ներգրավված է եղել ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը եւ իր համար անհասկանալի է, թե ո՞ր երկրի իրավական համակարգն է ունակ նման ծավալներով գործերի մեջ մտնել:

Արծվիկ Մինասյանի համար տարակուսելի է նաեւ իշխանության ձգտումը՝ մինչեւ դատարանի վճիռն անձին ազատազրկելու մասով: Համենայնդեպս, ինքը հիմքեր չի տեսնում, որ ազատության մեջ գտնվելով Գագիկ Ծառուկյանը կխոչընդոտի քննությանը:

Արծվիկ Մինասյանը հերքում է իշխանական ճամբարից հնչող այն հայտարարությունները, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Հայրենիքը» որոշել են հանրահավաք հրավիրել հոկտեմբերի 8-ին, քանի որ նախապես իմացել են, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու են: Արծվիկ Մինասյանն ասում է, որ հանրահավաքն ավելի վաղ էր ծրագրավորված: Նրա հավաստմամբ՝ հանրահավաքը լինելու է բազմամարդ, քանի որ հանրության ճնշող մեծամասնությունը սպասում է խոսքի եւ գործի ու բնական է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է՝ այդ հանրահավաքի ուժը թուլացնելու համար:

Պատասխանելով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի դիտարկումներին, որ հնարավոր չէ հանրությանը մոբիլիզացնել, Արծվիկ Մինասյանն ասաց, որ չի կիսում այդ տեսակետը եւ ժամանակն ամեն ինչ ցույց կտա. «Ոչ թե իրենց երազանքների երկիրն են կառուցում, դրա համար հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում եմ մանիպուլյացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները»:

Հանրահավաքին այլ ուժերի, մասնավորաբար, ՀՀԿ-ի մասնակցության մասով էլ բանախոսն ասաց, որ հանրահավաքը բաց է, որեւէ ուժի պաշտոնական, անվանական հրավեր չի ուղարկվել: Գործողությունների հաջորդականության մասին կխոսվի հենց հանրահավաքում. «Երեք քաղաքական ուժերով հանրահավաքը նախաձեռնել ենք: Հասկանում ենք, որ հանային մեծ համախմբում է պետք: Սա դեռ գործողությունների սկիզբն է: Ի՞նչ կլինի հետո՝ կհնչի հանրահավաքում: Կհնչի նաեւ ճանապարհային քարտեզ, ի տարբերություն շատ ուժերի, այդ թվում նաեւ իշխանությանը սատարող, մենք հրապարակային առաջարկությունների եւ հրապարակային համագործակցության կողմնակից ենք»:

Եռյակի նպատակն է՝ ընտրությունների միջոցով հասնել այնպիսի համախմբման, որը կբերի նոր ընտրությունների եւ ժողովրդի միջոցով նոր իշխանության ձեւավորման, այլապես կստացվի հերթական իշխանափոխությունը՝ ներքին փոփոխությունների արդյունքում, որը երկրին եւ ժողովրդին ոչինչ չի տալու: ՀՅԴ-ի համար, նոր իշխանությունում, Արծվիկ Մինասյանը առանցքային տեղ ու դեր է պատկերացնում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930